24.11.2024
Կառավարությունը 2022 թ. գիտության ֆինանսավորումն ավելացրել է 85%-ով. ՀՀ փոխվարչապետ
prev Նախորդ նորություն

Կառավարությունն առաջարկում է բարելավել փոքր և միջին արտահանողների մաքսային գործընթացը

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը Վահե Հակոբյանի նախագահությամբ մարտի 16-ին հրավիրած նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է Կառավարության հեղինակած ««Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվող փոփոխությունն ուղղված է մաքսային ձեւակերպումների գործընթացի պարզեցմանը եւ դյուրինացմանը, ինչպես նաեւ դրա համար պահանջվող ծախսերի կրճատմանը:


ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշել է, որ օրինագծով նախատեսվում է հնարավորություն ընձեռել տնտեսվարող սուբյեկտներին` չվճարել մեկ փոխադրողից մեկ ստացողին մեկ տրանսպորտային փաստաթղթով ՀՀ-ից արտահանվող, ընդհանուր մաքսային արժեքը 1 մլն ՀՀ դրամ եվրոյին համարժեք գումարը չգերազանցող գումարի չափով ապրանքների համար գանձվող մաքսավճարները:


Նշվել է նաեւ, որ առաջարկվող փոփոխությունն ուղղված է մրցակցային միջավայրի բարելավմանը, մասնավորապես` վերոնշյալ իրավական կարգավորման շրջանակներում տնտեսվարողների` ցածր արժողություն ունեցող ապրանքների արտահանման դեպքում վերջիններս ազատվում են պետական տուրքի վճարման պարտականությունից, ինչն էլ կհանգեցնի նշված շուկաներում մատակարարների քանակի ավելացմանը: Նախագծի ընդունման եւ կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա նախատեսվում է դրական ազդեցություն` հաշվի առնելով այն հանգամանքը, որ կարգավորումները կնպաստեն մաքսային ձեւակերպումների գործընթացի պարզեցմանը, ինչպես նաեւ փոքր եւ միջին ձեռնարկատիրության սուբյեկտների ֆինանսական եւ վարչարարական ծախսերի կրճատմանը:


Օրենսդրական նախաձեռնության ընդունմամբ պետական բյուջեի եկամուտները կնվազեն միջինում 106.35 մլն դրամի չափով:


Հանձնաժողովականները քննարկման արդյուքում դրական եզրակացություն են տվել օրինագծին: