ՀՀ գլխավոր դատախազության սեփականության դեմ ուղղված հացնագործությունների գործերով վարչության դատախազների հսկողության ներքո ՀՀ ՔԿ ՀԿԳ ՔԳՎ կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում քննվող ծավալուն քրեական գործով ապացույցներ են ձեռք բերվել կոնկրետ անձանց կողմից համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ, որոշակի սխեմայի կիրառմամբ, բազմաթիվ անձանցից զգալի չափերով հափշտակություններ կատարելու վերաբերյալ:
«Մասնավորապես, պարզվել է, որ Կ.Վ.-ն համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակությանը հանցակցելու վերաբերյալ նախնական համաձայնություն է ձեռք բերել Կ. Ս.-ի և Է.Ս.-ի հետ:
Հանցագործության կատարման նպատակով Կ. Վ.-ն համացանցում իր կողմից օգտագործվող բջջային հեռախոսահամարով, «K... V...» տվյալով և էլեկտրոնային փոստի միջոցով ստեղծել է «ADJ-PROMO» «ծուղակային»՝ «Phishing»-ային էջը, որը արտաքինից ձևավորել է «adjarabet.am» բուքմեյքերական կայքի տեսքով:
Ծուղակային էջը, որպես գովազդ, տեղադրել է «lnstagram.com» սոցիալական կայքում, որը գովազդել է «adjarabet.am» բուքմեյքերկան կայքի կեղծ ակցիաներ։
Գովազդվող ակացիաներից օգտվելու նպատակով «adjarabet.am» բուքմեյքերկան կայքի խաղային հաշիվների օգտատերերը մուտք են գործել «lnstagram.com» սոցիալական կայքի «ADJ-PROMO» նույնականացման տվյալի անհատական էջ, դրանում առկա հղմամբ հասանելիություն ստացել ծուղակային՝ «ADJ-PROMO» կայքին, որտեղ մուտքագրել են իրենց անվամբ գրանցված կամ իրենց կողմից օգտագործվող «adjarabet.am» կայքի օգտահաշիվների մուտքանունն և գաղտնաբառը՝ այդ կերպ իրենց անձնական ու բանկային տվյալներին հասանելիություն ապահովելով Կ.Վ.-ի համար: Իրենց անհատական էջ նրանք, բնականաբար, մուտք գործել չեն կարողացել, և գովազդվող ակցիաները չեն տրամադրվել:
«Adjarabet.am» բուքմեյքերական կայքի օգտատերերի տվյալներն այդկերպ ստանալով՝ Կ.Վ.-ն խաղային օգտահաշիվների մուտքանունների, գաղտնաբառերի և համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ, ապօրինի հասանելիություն է ստացել «adjarabet.am» կայքի շուրջ 15 օգտատերերի խաղային հաշիվներին և դրանցում առկա գումարներից, ինչպես նաև` խաղային հաշիվներին կցված բանկային քարտերից, համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ, 2021թ. մարտի 27-ից մինչև օգոստոսի 12-ն ընկած ժամանակահատվածում մաս-մաս հափշտակել է գումարներ՝ ընդհանուր 4.137.000 դրամի չափով:
Քարտային հաշիվներում առկա գումարները նա փոխանցել է իր կողմից տնօրինվող և կառավարվող խաղային հաշիվներին, այնուհետև՝ բանկային քարտերի, այդ թվում՝ իր և Է.Ս.-ի անվամբ թողարկված բանկային քարտերին: Ապա իրենց տվյալներով նույնականացված «Իդրամ» հաշվառման հաշիվների կամ խաղային պարտություններ կրելու եղանակով գումարները նա փոխանցել է իր կողմից կառավարվող և տնօրինվող այլ խաղային հաշիվների, որից հետո դրանք փոխանցել է իր և Է. Ս.-ի անվամբ թողարկված և նրանց տվյալներով նույնականացված «Իդրամ» հաշվառման հաշիվներին, այնուհետև՝ բանկային քարտերին:
Նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ Կ.Վ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 181-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Քրեական գործով մեղադրանքներ են առաջադրվել նաև Կ. Ս.-ին և Է. Ս.-ին:
Նախաքննության ընթացքում մեղադրյալ Կ.Վ.-ի կողմից հատուցվել է տուժողներին պատճառված վնասը, ինչպես նաև վերջինս տվել է խոստովանական ցուցմունք, ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը, զղջացել է կատարածի համար և պատրաստակամություն հայտնել օգնելու նախաքննությանը:
Հաշվի առնելով, որ նախաքննության տվյալ փուլում վերացել են մեղադրյալ Կ.Վ.-ի կալանքի տակ պահելու անհրաժեշտությունը և նրա պատշաճ վարքագիծը վարույթի ընթացքում կարող է ապահովվել այլ խափանման միջոց, նախաքննության նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի որոշմաբ մեղադրյալ Կ.Վ-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը վերացվել է:
Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում նրանց գործողություններից այլ անձանց տուժելու հնարավոր այլ դեպքեր, ինչպես նաև հանցավոր սխեմայում ներգրավված հնարավոր այլ անձանց հայտնաբերելու ուղղությամբ:
Մանրամասն ներկայացնելով հանցագործների կողմից գործադրվող՝ համակարգչի միջոցով հափշտակության հանցավոր մեխանիզմը՝ ՀՀ գլխավոր դատախազությունը նպատակ է հետապնդում բարձրացնել հանրության իրազեկությունը և զգոնությունը՝ սեփական անձնական տվյալների, օգտահաշիվների մուտքանունների ու գաղտնաբառերի պաշտպանության լրացուցիչ միջոցներ ձեռնարկելու նկատառումով:
Քաղաքացիներին կրկին հորդորում ենք ձեռնպահ մնալ նախապես չճշտված, չստուգված անձանցից, սուբյակտներից ցանկացած եղանակով ստացվող՝ առցանց տարբեր հարթակներում գրանցած սեփական էջերի, վճարային համակարգերի հաշվառման հաշիվների ծածկագրերը, բջջային հեռախոսահամարները, անձնագրերի համարները և այլ անձնական տվյալները տարբեր պատրվակներով, պատճառաբանություններով իրենց տրամադրելու, գրանցելու առաջարկներ ընդունելուց:
Միաժամանակ, բուքմեյքերական ընկերություններին կոչ ենք անում հաղորդակցային հնարավոր բոլոր միջոցներով իրենց օգտատերերի շրջանում պարբերաբար իրականացնել իրազեկման աշխատանքներ՝ իրենց ռեսուրսներից, ծառայություններից և ակցիաներից անվտանգ օգտվելու, անձնական, բանկային նույնականացման տվյալները պաշտպանելու նպատակով», - նշված է դատախազության տարածած հաղորդագրությունում։