24.11.2024
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով մեկնում է Փարիզ
prev Նախորդ նորություն

Միտումնավոր խեղաթյուրել են. Էդուարդ Աղաջանյանը պարզաբանել է իր հայտարարությունները

ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանն անդրադարձել է իր վերջին հարցազրույցի շուրջ քննադատություններին, նշելով, որ որոշ առցանց հարթակներ միտումնավոր խեղել են «Ազատություն» ռադիոկայանին տրված իր հարցազրույցը:


"Նրանք ներկայացրել են, թե ես առաջարկել եմ բանակցությունների ընթացքում «քննարկել Արցախը Ադրբեջանի կազմում լինելու գործընթացը»։

Հարկ եմ համարում նախ մեջբերել հարցազրույցի այդ հատվածը՝ սղագրությամբ։

— Պարոն Աղաջանյան, այնուամենայնիվ, Հայաստանը պատրա՞ստ է, հաշվի առնելով այս առաջին կետը Ադրբեջանի ներկայացրած, սկսել բանակացություններ՝ Արցախը Ադրբեջանի կազմում դիտարկելով։ Ենթադրենք, Բաքուն երաշխիքներ է առաջարկում, դուք անընդհատ հայ ինքնության հարցն եք բարձրացնում։
— Ես կարծում եմ, որ բանակցություններ պետք է սկսել...

— Այդ թվում՝ այդ հարցով։

— Ես կարծում եմ՝ բանակցություն պետք է սկսել։ Այդ թվում՝ Արցախի վերջնական կարգավիճակի հարցով:


— Որը կարող է և լինել Ադրբեջանի կազմում։

— Ես կարծում եմ՝ դա բանակցությունների ընթացքում պետք է հստակեցվի։

Լրագրողի հետ կենդանի հարցուպատասխանի իմաստը հետևյալն է․

Հայաստանը հանդես է գալիս Ղարաբաղյան հակամարտության խաղաղ և դիվանագիտական ճանապարհով կարգավորման դիրքերից, որին հասնելու նվազագույն պայման է բանակցությունների գործընթացի մեկնարկը։ Միաժամանակ՝ Հայաստանը մերժում է բանակցությունների մեկնարկին ընդառաջ որևէ նախապայմանի առաջ քաշումը։

Հետևաբար կողմերի կարմիր գծերը պետք է ներկայացվեն և քննարկվեն հենց բանակցությունների ընթացքում, այլ ոչ դրանց մեկնարկից առաջ, որը թերևս ամենակարճ ճանապարհն է գործընթացը փակուղի մտցնելու և վերջնականորեն վիժեցնելու։

Հետևաբար եթերում հնչեցրած իմ առաջարկը եղել է վերսկսել բանակցությունները՝ այդ թվում Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հստակեցման նպատակով, այլ ոչ թե լրագրողի և իմ բառերի այն «կարկատանը», որ հրամցրել են որոշ պսևդոլրատվականներ",- գրել է Աղաջանյանը։