23.11.2024
Ադրբեջանը փորձում է գրավել Արցախի Խրամորթ և Խնապատ գյուղերի միջև բարձունքը. մամուլ
prev Նախորդ նորություն

ԼՂ հիմնախնդիրը տարածքային հարց չէ, այլ իրավունքների. ԱԳՆ-ն պատասխանել է Բաքվի առաջարկներին

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդգծում է, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները պետք է ընթանան առանց նախապայմանների: Նախարարը հիշեցնում է, որ ԱԳՆ-ն դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը՝ կազմակերպելու խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ:


«Արմենպրես»-ի հետ զրույցում Արարատ Միրզոյանն անդրադարձել է խաղաղության պայմանագրի 5 սկզբունքներին, որոնք հայկական կողմին փոխանցել է Ադրբեջանը, ներկայացրել է դրանց վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումը:


Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի կողմից մարտի 14-ին հրապարակվեց, ըստ իրենց, Հայաստանին փոխանցված խաղաղության պայմանագրի 5 սկզբունքները։ Լրագրողի հարցին`արդյո՞ք հենց դա է Հայաստանին փոխանցված փաստաթուղթը, Միրզոյանը նշել է, որ փետրվարի 21-ով թվագրված նամակը հայկական կողմին փոխանցվել է միայն մարտի 10-ին։


Անդրադառնալով հայկական կողմի դիրքորոշումը նշյալ առաջարկների վերաբերյալ` նախարարը նախ կարևորել է, որ խաղաղության պայմանագրի շուրջ յուրաքանչյուր բանակցություն պիտի ընթանա առանց նախապայմանների։


«Ինչ վերաբերում է բուն առաջարկներին, ապա երկու երկրներն, ըստ էության, դեռևս 1991 թվականի դեկտեմբերի 8-ին համատեղ ստորագրելով «Անկախ պետությունների համագործակցության ստեղծման մասին» համաձայնագիրը, արդեն իսկ ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը և ընդունել են, որ չունեն միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ։


Հարկ է նկատել նաև, որ առաջարկում նշված կետերն ամբողջությամբ չեն արտացոլում առկա խնդիրների ողջ օրակարգը։ Հայկական կողմի համար սկզբունքային և հիմնարար է, որ հստակ երաշխավորվեն արցախահայության իրավունքները և ազատությունները, վերջնականապես հստակեցվի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը։ Մեզ համար ԼՂ հիմնախնդիրը տարածքային հարց չէ, այլ իրավունքների:


Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հայկական կողմը պատասխանել է ադրբեջանական առաջարկին՝ համահունչ նշված դիրքորոշմանը», - ասել է Միրզոյանը։


Ադրբեջանի կողմից հնչեցված առաջարկներում անդրադարձ է կատարվում նաև երկու երկրների միջև սահմանազատման և սահմանագծման գործընթացին, ինչպես նաև տարածաշրջանում տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը։


Այս գործընթացները, նրա կարծիքով, պետք է բխեն 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և 2021 թվականի նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններով ամրագրված պայմանավորվածություններից: «Դրանք պետք է լիարժեք կյանքի կոչվեն, և մենք շարունակում ենք հետևողական լինել այս ուղղությամբ։ Ինչպես գիտեք, մենք նույնիսկ հանդես ենք եկել այդ պայմանավորվածությունները կյանքի կոչելու համալիր առաջարկներով, ինչպես օրինակ զորքերի հայելային հետքաշմամբ և միջազգային մոնիթորինգի մեխանիզմի ներդրմամբ սահմանազատման գործընթացի մեկնարկի առաջարկը, որոնք սակայն ադրբեջանական կողմը մերժել է», - ասել է նախարարը։


Հարցին` ի՞նչ ձևաչափում եք տեսնում խաղաղության պայմանագրի շուրջ հնարավոր բանակցությունները, նախարարը հիշեցրել է ԵԱՀԿ Մինսխի խմբին Հայաստանի դիմումի մասին:


«Ավելի վաղ արդեն իսկ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարել էր, որ դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը՝ կազմակերպելու խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ՝ հիմք ընդունելով ՄԱԿ կանոնադրությունը, Քաղաքական և քաղաքացիական իրավունքների միջազգային դաշնագիրը և Հելսինկյան եզրափակիչ ակտը», - եզրափակել է Արարատ Միրզոյանը։