Արդեն 5-րդ օրն է արցախցիները զրկված են գազամատակարարումից. Բեգլարյան
Արցախում ձյուն է տեղում՝ իսկ ջերմաստիճանը 0 և մինուս ցելսիուս է: Արդեն հինգերորդ օրն է, ինչ շուրջ 100,000 բնակիչներ (ընդհանուր բնակչության 80%-ը և գազաֆիկացված բնակչության 100%-ը) ամբողջովին զրկված են գազամատակարարումից, ներառյալ՝ ջեռուցումից ու տաք ջրից: Այս մասին թելեգրամյան իր ալիքում գրել է Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը:
«Եվ այս զրկանքների պատճառը ադրբեջանական կողմի սանձարձակ պահվածքն է, որը թույլ չի տալիս ռուս խաղաղապահներին և մեր մասնագետներին մոտենալ Հայաստանից եկող միակ խողովակաշարին ու վերանորոգել այն: Իսկ խողովակաշարը պայթել է ադրբեջանական կողմի վերահսկողության ներքո:
Դրան զուգահեռ շարունակվում են քաղաքացիական բնակավայրերի ուղղությամբ կրակոցները մեծ ու փոքր տրամաչափի զենքերից, ինչպես նաև խոչընդոտները գյուղատնտեսական աշխատանքների կատարման հանդեպ:
Հետևությունը մեկն է. Ադրբեջանը ցանկանում է շարունակել իր հանցագործությունը մարդկության դեմ և հայաթափել Արցախը, սակայն մենք ամուր ենք կանգնած մեր հինավուրց հայրենիքում և ոչ մի զրկանք չի սասանելու մեր կամքը»,- գրել է Բեգլարյանը: