Շեյխ Մոհամմեդ բին Ռաշիդ Ալ Մաքթումն այցելել է «Դուբայ էքսպո-2020»-ում Հայաստանի տաղավար
Մարտի 9-ին ԱՄԷ փոխնախագահ, վարչապետ, Դուբայի կառավարիչ Շեյխ Մոհամմեդ բին Ռաշիդ Ալ Մաքթումն այցելել է «Դուբայ էքսպո-2020» ցուցահանդեսի հայկական տաղավար:
Նա շրջել է հայկական տաղավարով, ծանոթացել ներկայացված ցուցադրություններին, երկրի գրավչություններին։ Հայկական տաղավար այցելուները հնարավորություն ունեն ուսումնասիրելու հայոց դարավոր պատմությունը, վայելելու արվեստի գործերը, ինչպես նաև զգալու հայկական ծիրանի բույրը: Հայաստանն աշխարհի հնագույն որոշ քաղաքների տունն է, որտեղ միաձուլվում են հնագույն և ժամանակակից աշխարհները, hամադրվում են մշակութային ժառանգությունն ու առաջադեմ տեխնոլոգիաները:
Շեյխ Մոհամմեդին ներկայացվել է Կենաց ծառը, որն իրական չափերով պատրաստված ձեռքի աշխատանք է և Հայաստանի դարերի գոյատևման խորհրդանիշը։ Նրա ուշադրությունն են գրավել նաև հայկական հնագույն ձեռագրերը և գրքերը՝ հատկապես 12-րդ դարում ստեղծված ձեռագիր «Նարեկ»-ը և տպագրված հայկական առաջին գիրքը՝ «Ուրբաթագիրքը»։
Շեյխը հետաքրքրվել է նաև հայկական ապրանքներով, որոնք արտադրվում են Հայաստանում։
«Dubai Expo 2020»-ում Հայաստանի տաղավարի տնօրեն Լիլիթ Հակոբյանը նշել է․
«Մեզ համար մեծ պատիվ էր ողջունել Նորին Մեծություն Շեյխ Մոհամմեդ բին Ռաշիդ Ալ Մաքթումին Հայաստանի տաղավարում։ Մենք անչափ շնորհակալ ենք այցի և մեր հարուստ մշակութային ժառանգության և Հայաստանի ապագայի մասին քննարկելու հնարավորության համար»։
ԱՄԷ-ի Դուբայ քաղաքում 2021թ. հոկտեմբերի 1–ից 2022թ-ի մարտի 31–ը անցկացվում է «Դուբայ էքսպո-2020» համաշխարհային ցուցահանդեսը, որին մասնակցում է Հայաստանը: Կառավարության ֆինանսական աջակցությամբ 6 ամիս շարունակ ցուցահանդեսային հարթակում ներկայացվում է հայկական մշակույթը և ներդրումային ներուժը: