«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը և Բրյուսովի պետհամալսարանը հուշագիր ստորագրեցին
Կարևորելով օտար լեզուների իմացությունը ժամանակակից աշխարհում՝ «Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամն ու Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանը մարտի 10-ին կնքեցին համագործակցության հուշագիրը, որի շնորհիվ «Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամի պատանի կրթաթոշակառուները հնարավորություն կունենան անվճար սովորել օտար լեզուներ:
«Ավանդույթի համաձայն՝ հիմնարդամը շարունակում է իրականացնել կրթական ծրագրեր իր կրթաթոշակառուների համար: Հիմնադրամի նախաձեռնությամբ՝ պատանի տաղանդավոր երաժիշտ-կատարողների համար պարբերաբար անցկացում են մասնագիտական վարպետության դասեր, հրավիրվում են օտարերկրացի աշխարհահռչակ արտիստների և պրոֆեսորներ, և կարևորելով դասերի ընթացքում նրանց օտար լեզվի գերազանց իմացությունը և խորհրդատվության ամբողջական ընկալումը, նախաձեռնեցինք նաև օտար լեզուների դասընթացներ»,- նշեց «Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամի տնօրեն Աննա Տեր- Հովակիմյանը:
Ընդգծելով նախաձեռնության եզակիությունը, երբ նման նախաձեռնությամբ հանդես է գալիս մշակութային ոլորտի հիմնադրամը՝ Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտոր Կարինե Հարությունյանը նշեց. «Արդյունավետ հաղորդակցման համար շատ կարևոր է օտար լեզուների իմացությունը, մասնավորապես ապագա երաժիշտների համար: Ես ուրախ եմ, որ մեր համալսարանը հնարավորություն կունենա ուսուցանել տաղանդավոր երիտասարդներին և տալ անհրաժեշտ գիտելիք, որպեսզի պատանի կատարողները կարողանան ազատ շփվել արտասահմանյան գործընկերների և իրենց դասախոսների»:
Ստորագրված հուշագրի համաձայն՝ հիմնադրամի կրթաթոշակառուների համար կանցկացվեն անգլերեն և ռուսերեն լեզուների դասընթացքներ, որոնց կազմակերպման համար համալսարանը կտրամադրի համապատասխան տարածք, անհրաժեշտ սարքավորումներ ու տեխնիկական միջոցներ և ուսուցողական նյութեր: Դասընթացները կանցկացեն ԲՊՀ-ի դասախոսները և մագիստրոսները: Դասընթացների ավարտին ԲՊՀ-ն կրթաթոշակառուներին կտրամադրի մասնակցության վկայական: