25.11.2024
Հայաստանը պարզեցնում է տրանսպորտային միջոցների գրանցումն ու հաշվառումը
prev Նախորդ նորություն

Ադրբեջանի միակ ցանկությունը Արցախն է առանց հայերի. Արմեն Ռուստամյան

Թուրք-ադրբեջանական դաշինքը փորձում է առավելագույնը քաղել Արցախի դեմ 44-օրյա պատերազմի արդյունքներից։ Այս մասին, այսօր՝ մարտի 10-ին, մամուլի ասուլիսում ասաց ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը։


Նրա խոսքով, քանի դեռ Հայաստանը չի վերականգնել իր մարտունակությունը և ամրապնդել անվտանգության համակարգը, երկրի հասարակությունը մշտապես բախվելու է սահմանին և Արցախում լարվածության աճի և բախումների խնդրին։ «Խաղաղության և համագործակցության մասին այս բոլոր հայտարարությունները սուտ են։ Նրանք կփորձեն մեզնից խլել այն ամենը, ինչ կարող են։ Եվ սրա համար կօգտագործեն բոլոր հնարավորությունները»,- կարծում է Ռուստամյանը։


Նա ընդգծեց, որ ագրեսիան զսպող և անվտանգություն ապահովող միակ ուժը ռուս խաղաղապահներն են, Երևանն անգամ չի փորձում վերականգնել Արցախի անվտանգության երաշխավորի իր կարգավիճակը։


Տեսնելով դա՝ ադրբեջանական կողմը փորձում է եւս մի քանի տարածք գրավել, անտանելի պայմաններ ստեղծել արցախցիների համար, որպեսզի նրանք հնարավորինս արագ լքեն իրենց տները։ «Ակնհայտ է, որ Ադրբեջանի միակ ցանկությունը Արցախն է առանց հայերի։ Ուստի ամեն ինչ անելու են, որ արցախահայությունը հայտնվի անելանելի վիճակում և լքի իր տները»,- ասաց նա՝ մատնանշելով նաև Հայաստանից Արցախ գազատարի վնասը։


Ռուստամյանը վստահ է, որ Ռուսաստանն այնքան էլ զբաղված չէ Ուկրաինայով, որ չկարողանա վերահսկել նաեւ իրավիճակը Արցախում: Նա ընդգծել է, որ ստեղծված իրավիճակը որոշակիորեն մարտահրավեր է ռուս խաղաղապահներին։ «Կարծում եմ, որ նրանք (Ռուսաստանի Դաշնությունը – խմբ.) ունեն և՛ ուժ, և՛ կարողություն՝ զսպելու Ադրբեջանի ախորժակը, որն ավելացել է ռուս-ուկրաինական պատերազմի հետ կապված»,- եզրափակեց նա։