Խորհրդարանական մեծամասնությունը դեմ է կենսաթոշակների և նպաստների ինդեքսավորմանը
Խորհրդարանական մեծամասնությունը հրաժարվել է ԱԺ նիստերի օրակարգ մտցնել "Հայաստան" ընդդիմադիր խմբակցության ներկայացրած “Կենսաթոշակների և սոցիալական նպաստների մասին” օրենքի փոփոխությունները: Փոփոխությունները հավանության չեն արժանացել գլխադասային հանձնաժողովում, ուստի օրակարգում ընդգրկվելու համար պատգամավորները պետք է լսեին հիմնական զեկուցողին եւ համազեկուցողին եւ արտահայտեին իրենց դիրքորոշումը: Օրինագծին կողմ է քվեարկել 24 պատգամավոր, դեմ՝ 62, ձեռնպահ՝ 0:
Ինչպես հաղորդել է հիմնական զեկուցող, "Հայաստան" խմբակցության անդամ Աղվան Վարդանյանը, օրինագծով նախատեսված է ծերության և զինվորական կենսաթոշակների տարեկան ինդեքսավորում: Դա, ըստ օրինագծի հեղինակի, կնպաստի այդ կատեգորիայի քաղաքացիների սոցիալական վիճակի բարելավմանը։ "Վերջին տարիներին Հայաստանում գնաճը կազմել է միջինը 7 տոկոս, պարենային ապրանքների գների աճն էլ ավելի է։ Սակայն թոշակներն ու նպաստները չեն բարձրանում։ 2,6 հազար դրամի վերջին բարձրացումը վերաբերում էր միայն 21,6 հազար թոշակառուի, 480 հազար թոշակառուների ընդհանուր թվի դեպքում", - հայտարարել է նա։
Վարդանյանը նշել է, որ միայն մեկ անձի համար սննդամթերքի արժեքը կազմում է 37 800 դրամ, նվազագույն սպառողական զամբյուղը՝ 71 հազար դրամ, իսկ միջին կենսաթոշակը կազմում է 44 հազար դրամ: Ինդեքսացիան, կարծում է նա, որոշ չափով կլուծի այդ խնդիրը, հայտարարել է պատգամավորը՝ հավելելով, որ փոփոխությունների ընդունման դեպքում դրանք ուժի մեջ կմտնեն 2023 թվականի հունվարից։
Աշխատանքի և սոցիալական հարցերի գլխադասային հանձնաժողովի նախագահ, "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը նշեց, որ ինդեքսավորման առաջարկված մեխանիզմը վիճելի է՝ հաշվի առնելով կենսաթոշակների և նպաստների հաշվարկման օրենքով նախատեսված հիմքերը: Հանձնաժողովը հանգել է այն եզրակացության, որ եթե նշված կարգավորման հետ մեկտեղ կիրառվեն նաեւ առաջարկված մեխանիզմները, ապա դա խնդիրներ կստեղծի իրավական որոշակիության տեսանկյունից: Օրինագծում անճշտություններ են եղել նաեւ ինդեքսավորման անցկացման ժամկետների եւ կարգի հետ կապված: Տիգրանյանը նշեց, որ հանձնաժողովի անդամները կոչ են արել օրինագծի հեղինակին լրացնել այն, սակայն համաձայնություն չեն ստացել: