Հիմնադրվեց «ՀԱՍԱԿ» կուսակցությունը
Օգոստոսի 10-ին տեղի ունեցավ նորաստեղծ «ՀԱՍԱԿ» (Հանուն սոցիալական արդարության) կուսակցության հիմնադիր համագումարը: Ներկաների շրջանում անցկացվեց քվեարկություն և կուսակցության ղեկավար ընտրվեց Արման Ղուկասյանը, իսկ քաղաքական խորհրդի կազմում ընդգրկվեցին Ծովինար Կոստանյանը, Վահե Դավթյանը, Նանե Սարգսյանը, Սևան Աղաջանյանը և Վարդուհի Մուրադյանը:
Ինչպես լրագրողների հետ զրույցում նշեց կուսակցության ղեկավարը՝ իրենց թիմում չկան քաղաքական դեմքեր, որոնց PR-ով իրենք պետք է զբաղվեն և իրենց գերխնդիրը սոցիալական խնդիրների վերհանումն է. «Մենք փորձելու ենք բարձրացնել իրական խնդիրներ, դրանց համար գտնել լուծումների ուղիներ: Մեր կուսակցությունը սոցիալ-պահպանողական է՝ այն, ինչ այսօր արդիական է ողջ աշխարհում,-ասաց նա՝ ընդգծելով, որ իրենք կհամագործակցեն նրանց հետ, ովքեր կկիսեն իրենց գաղափարները»:
Հարցին՝ իշխանությունների հետ նույնպե՞ս կահամգործակցեք՝ կուսկացության ղեկավարը պատասխանեց նույն կերպ:
Արման Ղուկասյանն ասաց, որ իրենք նաև նպատակ ունեն մասնակցել 2017-ի խորհրդարանական ընտրություններին: Նա նշեց, որ դեռ հովանավորներ չունեն, կուսակցության բյուջեն կազմվում է անդամավճարների հաշվին, չնայած, պատրաստ են ընդունել ներդրումներ այն մարդկանցից, ովքեր կկիսեն իրենց գաղափարները: Կուսակցությունն արդեն գրեթե 500 անդամ ունի, հայտնում է vesti.am-ը:
Հարցին՝ դուք ձեզ ընդդիմադի՞ր կուսակցություն եք համարում՝ կուսկացության ղեկավարը պատասխանեց. «Մենք մեզ համարում ենք կուսակցություն, որն ունի սոցիալ-պահպանողական գաղափարախոսություն: Մենք խնդիրների լուծման համար առաջարկում ենք մեր այլընտրանքային տարբերակը և եթե պատրաստ են մեր տեսլականն ընդունել, մենք պատաստ ենք բաղադրատոմսերով կիսվել: Մեզ համար տարբերություն չկա, թե որ քաղաքական ուժը դա կիրականացնի, մեզ համար կարևորն այն է, որ մեր գաղափարներն իրականություն դառնան,-ասաց նա»:
Հարցին, թե իրենց կուսակցությունն ինչպե՞ս է վերաբերվում «Սասնա ծռեր» խմբին՝ Արման Ղուկասյանը պատասխանեց. «Իհարկե, «Սասնա ծռերը» մեր երկրի հերոսներն են, ովքեր ոչ թե հիմա են հերոսացել, այլ նրանցից շատերը հերոսացել են դեռ Արցախյան պատերազմի ժամանակ և մենք իրենց համարում ենք ազգի նվիրյալներ: Այդ մարդիկ ՀՀ քաղաքացիներ են, իրենք փորձել են պայքարել այդ ճանապարհով, դա իրենց իրավունքն է»,-ասաց նա՝ միաժամանակ ընդգծելով, որ հեղափոխական կոչերը Հայաստանում էֆեկտիվ չեն:
Նա նշեց, որ ինքը դեմ է «Սասնա ծռերի» վերաբերյալ «ահաբեկիչ» եզրույթի օգտագործմանը, որովհետև դա ահաբեկչություն չէ:
Մեր մյուս հարցին՝ ի՞նչ տեսակետ ունեն «հողերի հանձնման» վերաբերյալ՝ պատասխանեց. «Միանշանակ՝ ոչ մի թիզ հող ոչ մեկին: Մենք ոչ մեկին հող չունենք տալու, դեռ ազատագրելու տարածքներ ունենք»,-ասաց նա: