25.11.2024
Հայկ Կոնջորյանն ընդունել է Եվրոպայում և ԵՄ-ում Կանադայի հատուկ բանագնացին
prev Նախորդ նորություն

Մարդկության դեմ ուղղված Ադրբեջանի հանցանքները պետք է արժանանան համապատասխան գնահատականի

Փետրվարի 28-ին` Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված ջարդերի զոհերի հիշատակի եւ բռնագաղթած հայ բնակչության իրավունքների պաշտպանության օրը, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել կոնֆերանս-քննարկում, որին մասնակցել են ակադեմիական շրջանակների ներկայացուցիչներ:


Հանձնաժողովի նախագահը հիշեցրել է, որ 34 տարի առաջ` այս օրերին, խաղաղ հայ բնակչությունը ենթարկվել է զանգվածային բռնությունների եւ խոշտանգումների: Պատգամավորն ընդգծել է, որ Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում հայ բնակչության կոտորածները, էթնիկ զտումները, որոնք հիշեցնում էին 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը, պարբերական բնույթ են կրել: Ըստ նրա` շուրջ 30 տարի Ադրբեջանն իր երկրում այնքան հայատյացություն է սերմանել, որ Արցախի դեմ 2020 թվականին Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի օրերին ականատես ենք եղել անմարդկային դաժանությունների: Ադրբեջանը, համալրելով մարդկության դեմ ուղղված հանցանքները, սպանել է հայ խաղաղ բնակչությանը, թիրախավորել մանկապարտեզները, դպրոցներն ու հիվանդանոցները:


Թագուհի Թովմասյանի խոսքով` Ադրբեջանի` մարդկության դեմ ուղղված այդ հանցանքները պետք է միջազգային հանրության կողմից արժանանան համապատասխան արձագանքի եւ գնահատականի: «Ցանկանում եմ հերթական անգամ շեշտադրել` քանի դեռ չեն գործում պատասխանատվության մեխանիզմներ, Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը, միջազգային դրույթների ոտնահարումը, մարդկության դեմ ուղղված հանցանքները շարունակական բնույթ են կրելու», - նշել է հանձնաժողովի նախագահը:


Մասնակիցները կարեւորել են նման քննարկումը, ընդգծել են այդ ուղղությամբ հետազոտական աշխատանքներ իրականացնելու, միջազգային հանրության հետ համագործակցության, պետական ռազմավարություն ունենալու, ինչպես նաեւ քաղաքական օրակարգ ձեւավորելու անհրաժեշտությունը: