«Սումգայիթի» անպատժվածությունը դրսևորվեց նաև վերջին Արցախյան պատերազմում. Սարգսյան
                    
                    
                        
                                     
                                    
                        
                     
                    
                    ՀՀ չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը հանդես է եկել հայտարարությամբ.
"34 տարի առաջ այս օրերին Ադրբեջանում՝ Սումգայիթ քաղաքում, իրականացվեցին արյունոտ գործողություններ տեղի հայ բնակիչների դեմ:
Փետրվարի 28-ը հռչակելով Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված ջարդերի զոհերի հիշատակի և բռնագաղթված հայ բնակչության իրավունքների պաշտպանության օր՝ մենք նաև ուղերձ ենք հղել մարդկությանը՝ քաղաքակրթությունը չի կարող զարգանալ ֆաշիզմի, ազգային խտրականության և այլատյացության ճանապարհով:
Յուրաքանչյուր չպատժված դեպք, ատելության հողի վրա ընդհատված յուրաքանչյուր կյանք նշանակում է նոր ողբերգության հնարավորություն և հավանականություն, նշանակում է ճանապարհ դեպի էթնիկ զտումներ, դեպի ցեղասպանություն...
«Սումգայիթի» անպատժվածությունը հանգեցրեց այլ ողբերգությունների, այս անգամ Բաքվում, ապա՝ Գանձակում, Մարաղայում:
Հայատյացության քաղաքականությունը դրսևորվեց նաև վերջին պատերազմում՝ մասնավորապես Արցախի բնակչության, հայ գերիների հանդեպ դրսևորված անմարդկային վերաբերմունքի, խոշտանգումների, սպանությունների ձևով...
Խոնարհումս ադրբեջանական բռնություններին զոհ գնացած մեր հայրենակիցների հիշատակին",- ասված է հայտարարության մեջ: