ՀՀ-ն շատ բան է կորցրել՝ չկարողանալով դառնալ ՌԴ-ի վստահելի գործընկերը Հարավային Կովկասում
Դաշնակից երկիրը պարտավոր չէ անել ավելին, քան պետք է անի ինքը` Հայաստանը։ Այս մասին, այսօր՝ փետրվարի 23-ին, խորհրդարանում կայացած մամուլի ասուլիսում ասել է «Պատիվ ունեմ» ընդդիմադիր դաշինքի խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը՝ մեկնաբանելով Մոսկվայի և Բաքվի միջև դաշնակցային համագործակցության մասին հռչակագիրը։
«Չես կարող նեղանալ ռազմավարական դաշնակցից, որ չի անում ավելին, քան պարտավոր ես անել ինքդ»,- մասնավորապես ասել է պատգամավորը։ Նա ընդգծել է, որ ցանկացած այլ երկրում, նմանատիպ հանգամանքներում, ներկայիս դեսպանը հետ կկանչվեր ու կփոխարինվեր։ «Վստահ եմ, որ մեր երկրում դա տեղի չի ունենա, բայց նորմալ երկրներում գործընթացները հենց այս ուղղությամբ կշարունակվեն»,- կարծում է ընդդիմադիրը։
Հայաստանը շատ բան է կորցրել, վստահ է Մամիջանյանը՝ չկարողանալով դառնալ Ռուսաստանի համար կանխատեսելի և վստահելի գործընկեր Հարավային Կովկասի տարածաշրջանում։ Պատգամավորի կարծիքով, արդյունքում նման կարգավիճակ ստացավ տարածաշրջանի մեկ այլ երկիր։
Նա նշեց, որ մտադիր չէ վերլուծել Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքական օրակարգը, սակայն Մոսկվայի այս գործողությունները շատ բան են ասում Հայաստանի արտգործնախարարության աշխատանքի արդյունավետության մասին։ «Ինչպե՞ս ստացվեց, որ Ռուսաստանին Հարավային Կովկասում ևս մեկ դաշնակից էր պետք: Սա մի շարք հարցեր է առաջացնում մեր ԱԳՆ-ի և մեր երկրում այսպես ասած արտաքին քաղաքականություն վարող սուբյեկտի համար»,- եզրափակեց ընդդիմադիրը։