25.11.2024
ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանը և ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչն ամփոփեցին համագործակցությունը
prev Նախորդ նորություն

Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ ճանապարհի վերակառուցման նախագծին կանաչ լույս է տրվել

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանի նախագահությամբ տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածի նախագծային փաստաթղթերի պետական համալիր փորձաքննական հանձնաժողովի նիստը։


ՀՀ քաղաքաշինության կոմիտեն տեղեկացնում է, որ քննարկվել է Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ 32կմ ընդհանուր երկարությամբ հատվածի վերակառուցման նախագիծը։ Վերակառուցման աշխատանքները ֆինանսավորվում են Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի վարկային, ինչպես նաև ՀՀ պետական բյուջեի միջոցներով։


Վերակառուցվող 32կմ երկարությամբ ճանապարհահատվածը լինելու է 2-րդ տեխնիկական կարգի՝ 80կմ/ժ հաշվարկային արագությամբ։ Ճանապարհահատվածը ներառելու է 18 կամուրջ և 3 թունել, որոնցից ամենաերկարը լինելու է 7.5կմ։ Ծանրաքաշ մեքենաները կունենան իրենց առանձին երթևեկելի գոտին, ինչն առավել դյուրին կդարձնի բեռնափոխադրումները։


Հանձնաժողովի անդամները ներկայացրել են նախագծի վերաբերյալ իրենց դիտարկումները։ Առանձնահատուկ շեշտադրվել են նաև ամբողջ ճանապարհահատվածի և ինժեներական բոլոր կառույցների սեյսմակայուն շինարարական նորմերի պահանջներին համապատասխանության խնդիրները։


Վերջում քվեարկության միջոցով պետական համալիր փորձաքննական հանձնաժողովը Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ 32կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհահատվածի վերակառուցման նախագծին տվեց միաձայն դրական եզրակացություն, որի արդյունքում կարող է կազմակերպվել նշված ճանապարհահատվածի շինաշխատանքների ձեռքբերման մրցութային գործընթացը։