Թուրքիան մերժում է ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի անկախությունը ճանաչելու Ռուսաստանի որոշումը
Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունները ճանաչելու Ռուսաստանի Դաշնության որոշումը մինսկյան պայմանավորվածությունների, ինչպես նաև Ուկրաինայի քաղաքական միասնության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության բացահայտ խախտում է։ Այս մասին փետրվարի 22-ին հայտնել է Թուրքիայի ԱԳՆ-ն։
«Ռուսաստանի Դաշնության որոշումը՝ ճանաչել այսպես կոչված Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունները, մինսկյան պայմանավորվածությունների խախտում է, ինչպես նաև Ուկրաինայի քաղաքական միասնության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության բացահայտ խախտում։ Մենք անընդունելի ենք համարում Ռուսաստանի այս որոշումը և մերժում այն»,- ասվում է հաղորդագրության մեջ։
ԱԳՆ-ն ընդգծում է, որ «Թուրքիան հավատարիմ է Ուկրաինայի քաղաքական միասնության և տարածքային ամբողջականության պահպանմանը և բոլոր կողմերին կոչ է անում առաջնորդվել ողջախոհությամբ և հարգել միջազգային իրավունքը»։
VERELQ-ը հիշեցնում է, որ փետրվարի 21-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի նիստ է անցկացրել, որի անդամները հանդես են եկել Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների անկախության ճանաչման օգտին։ Ավելի ուշ Պուտինը հայտարարեց ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ինքնիշխանության ճանաչման մասին։ Նրանց ղեկավարների հետ ստորագրվել են բարեկամության, համագործակցության և փոխօգնության պայմանագրեր։