Հայաստանը և Կորեան պատրաստակամություն են հայտնել զարգացնել եկկողմ համագործակցությունը
Փետրվարի 21-ին Հայաստանի Հանրապետությունը և Կորեայի Հանրապետությունը նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը։ Այդ կապակցությամբ նամակների փոխանակում է տեղի ունեցել երկու երկրների արտգործնախարարների միջեւ։
Այս մասին հայտնում է Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Կողմերը նշել են, որ երկու երկրների միջև խորը փոխըմբռնման և փոխադարձ հարգանքի վրա հիմնված բարեկամական հարաբերություններն արդեն զարգացել են տարբեր ոլորտներում այս երեք տասնամյակների ընթացքում, սակայն երկկողմ օրակարգում դեռևս կա չօգտագործված ներուժ։ Երկուստեք պատրաստակամություն են հայտնել առավել զարգացնել համագործակցությունը քաղաքական, տնտեսական, մշակութային և թվային ոլորտներում։
Նախարարները միմյանց հետ ավելի սերտ համագործակցության պատրաստակամություն են հայտնել՝ հույս հայտնելով, որ գալիք տարիները խթան կդառնան երկկողմ հարաբերությունների զարգացման և մեր համագործակցության բովանդակության ընդլայնման համար։