26.11.2024
Մեկ օրում ոստիկանությունը բացահայտել է հանցագործության 81 դեպք
prev Նախորդ նորություն

Հայաստանում կլինի բազմաոլորտ բիզնես առաքելություն Ռուսաստանից

Փետրվարի 24-25-ը Հայաստան կայցելի ռուսական խոշոր բիզնես առաքելություն, ներառյալ արդյունաբերության տարբեր ոլորտների ընկերություններ։ Այս մասին այսօր՝ փետրվարի 18-ին, ասել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության առևտրային ներկայացուցիչ Աննա Դոնչենկոն, փոխանցում է Sputnik Արմենիան։


Ուղևորությունը կկազմակերպեն Ռուսաստանի արդյունաբերության և առևտրի և Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունները՝ փոխնախարարների՝ Ալեքսեյ Գրուզդևի և Նարեկ Տերյանի մակարդակով։ Գործարար առաքելությունը կներառի կլոր սեղաններ և արդյունաբերական հանդիպումներ:


Ռուս հյուրերի թվում կլինեն ավտոմոբիլային, էներգետիկ, մետալուրգիական, տեղեկատվական տեխնոլոգիաների ընկերությունների ներկայացուցիչներ։ Տարածաշրջանների ներկայացվածությունը նույնպես լայն կլինի. դրանք են Մոսկվան և Մոսկվայի մարզը, բայց նաև Սևաստոպոլը (ֆեդերացիայի առանձին սուբյեկտ՝ որպես դաշնային ենթակայության քաղաք), Բաշկորտոստանը, Կիրովը, Կուրգանը, Լիպեցկը և մի շարք այլ շրջաններ։


Բացի այդ, վերջերս՝ փետրվարի 14-17-ը, Հայաստան էր այցելել Լենինգրադի մարզի տարածաշրջանային բիզնես առաքելությունը։


«Ես կհստակեցնեմ, որ այն չի ներառում Սանկտ Պետերբուրգ քաղաքը, բայց անցյալ տարեվերջին մենք ունեինք նաև Սանկտ Պետերբուրգի պատվիրակություն, որը ներկայացրեց դպրոցական ռոբոտաշինության հավաքածուներ, շոկոլադի նոր տեսակներ և այլ ապրանքներ», - հիշեց Դոնչենկոն:


Փետրվարի 27-ին Ռյազանի շրջանից մեծ գործարար առաքելություն կժամանի Երեւան՝ նահանգապետ Նիկոլայ Լյուբիմովի գլխավորությամբ։


Ցուցահանդեսային տարածքը կբացվի Երևանի էքսպո կենտրոններից մեկում («Մերիդիան») և կգործի երկու ամիս։ Նախապատրաստվում են նաև այլ տարածաշրջանային առաքելություններ՝ Տուլայի, Չելյաբյայնսկի, Կուրգանի և այլ շրջանների համար։


«Մենք նպաստեցինք երկու ուղղություններով կապերի հաստատմանը. վերջերս կազմակերպեցինք տեսակոնֆերանս Հայաստանից և Չեչնիայի Հանրապետությունից ձեռներեցների մասնակցությամբ: Պայմանավորվածություն ձեռք բերվեց հայկական պատվիրակության այցի վերաբերյալ»,- հավելել է Դոնչենկոն։


Բացի այդ, վերջերս առևտրային առաքելության վայրում տեղի ունեցավ Հարավկովկասյան երկաթուղու և «Տաշիր» ընկերությունների խմբի ներկայացուցիչների հանդիպումը։


«Ես չեմ կարող նրանց փոխարեն հրապարակել համաձայնագրերի մանրամասները, բայց «Տաշիր գրուպը», ինչպես գիտեք, արտադրական հնարավորություններ ունի տարբեր ոլորտներում, որոնք կարող են հետաքրքրություն առաջացնել», - հավելել է Դոնչենկոն։


2021 թվականին Հայաստանում Ռուսաստանի Դաշնության Առևտրային ներկայացուցչությունը նպաստել է ռուսական ապրանքների արտահանման շուրջ 130 նախագծերի խթանմանը, որոնց արդյունքում կնքվել են շուրջ 75,5 մլն դոլարի պայմանագրեր։