ՄԱԿ-ի ԱԽ-ում դեմ են ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ճանաչմանը
Ֆրանսիան, Իռլանդիան, Ալբանիան, Նորվեգիան, որոնք մտնում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կազմի մեջ, ինչպես նաեւ նրանց միացած Գերմանիայի, Էստոնիայի եւ ԵՄ-ի ներկայացուցիչները լուրջ մտահոգություն են հայտնել Պետդումայի պատգամավորների ինքնահռչակ ԴԺՀ-ն եւ ԼԺՀ-ն ճանաչելու կոչի կապակցությամբ: Այս մասին գրում է EADaily-ն։
Համապատասխան հայտարարությունն ընթերցել է ՄԱԿ-ում Ֆրանսիայի մշտական ներկայացուցիչ Նիկոլա դե Ռիվյերը:
ՌԴ Պետդուման երեքշաբթի քվեարկել է ինքնահռչակ ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ճանաչման անհրաժեշտության մասին ՌԴ նախագահին ուղղված դիմումի օգտին: ԴԺՀ-ի եւ ԼԺՀ-ի ղեկավարներ Դենիս Պուշիլինը եւ Լեոնիդ Պասեչնիկը հայտարարել են, որ ողջունում են Պետդումայի պատգամավորների որոշումը: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ մամուլի ասուլիսի ժամանակ մեկնաբանել է Պետդումայի դիմումը՝ հայտարարելով, որ ելնելու է նրանից, որ ամեն ինչ անի Դոնբասի խնդիրների լուծման համար, սակայն Մինսկի պայմանավորվածությունների ներուժը դեռ սպառված չէ:
"Մենք լուրջ մտահոգություն ենք հայտնել Ռուսաստանի Պետդումայի դիմումի կապակցությամբ, որը ՌԴ նախագահին կոչ է անում ճանաչել ինքնահռչակ Դոնեցկի եւ Լուգանսկի հանրապետությունները, ինչը կլիներ Ուկրաինայի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության խախտում", — լրագրողներին ասել է Դե Ռիվյերը: