Վրաստանում վերանորոգվում է Հայաստան տանող 15 կմ ճանապարհահատված
Ակտիվորեն իրականացվում են դեպի վրաց-հայկական սահմանակետ տանող Փոնիճալա-Մառնեուլի-Գուգութի միջազգային ճանապարհի վերանորոգման աշխատանքները։ Սա ամենակարճ ճանապարհն է, որը կապում է Քվեմո Քարթլիի շրջանը և Հայաստանը Թբիլիսիի հետ։
Jnews-ի հաղորդմամբ, ճանապարհին վերանորոգվում է երկու հատված՝ մեկը ութ կիլոմետր (30 կմ-ից 37 կմ), իսկ երկրորդը՝ յոթ կիլոմետր երկարությամբ(40 կմ-ից 46 կմ):
Վրաստանի Ճանապարհային վարչությունից հայտնում են, որ այս պահին ճանապարհին խճալցման աշխատանքներ են տարվում, ինչպես նաև տեղադրվում են եզրաքարերը։
Վերանորոգման աշխատանքները պետք է ավարտվեն 2022 թվականի հոկտեմբերին։
«Նախագիծը կապահովի մեքենաների և հետիոտնի անվտանգ տեղաշարժը և զգալի կերպով կբարելավի այստեղ բնակվող ընտանիքների կենսապայմանները»,- ասվում է Ճանապարհային վարչության հաղորդագրության մեջ։