23.11.2024
Լուկաշենկոյին մեզ ծաղրելու իրավունք տվել ենք մենք. Այլընտրանքային նախագծեր խումբ
prev Նախորդ նորություն

Մամուլ. Էժան որոշում. Սեյրան Օհանյանին արգելել են ավտոմեքենայով բակ մտնել

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին, երբ նոր էր ձեւավորվել 8-րդ գումարման խորհրդարանը, ԱԺ ղեկավարությունը թույլատրել էր մեքենայով մուտք գործել ԱԺ բակ։ Հետո, պարզվում է, ՔՊ-ականները խանդի տեսարաններ են սարքել, մասնավորապես բողոքել է ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, թե ինչով է ինքը պակաս Սեյրան Օհանյանից, որ վերջինիս թույլ են տալիս մեքենայով մտնել բակ, իրեն՝ ոչ, եւ Օհանյանին արգելել են։ Կոնջորյանն ու մյուս ուսապարկերը, փաստորեն, չգիտեն, թե ինչ տարբերություն կա իրենց եւ պատերազմ հաղթած, պատերազմում ոտքը կորցրած գեներալի միջեւ։ Փոխարենը ավտոմեքենայով ԱԺ բակ մտնելու իրավունք ունի ՔՊ-ական պատգամավոր Զարուհի Բաթոյանը, որն անվասայլակով է տեղաշարժվում։ Սեյրան Օհանյանն էլ տեղաշարժվելու դժվարություններ ունի, ուստի ամռանը թույլատրել են, որ նրան սպասարկող ավտոմեքենան մտնի ԱԺ բակ, բայց առանց կայանման իրավունքի՝ վարորդը նրան իջեցնի եւ դուրս գա տարածքից։ ԱԺ աշխատակազմին խնդրել են՝ թույլ տալ, որ 3-5 րոպե մեքենան կայանված մնա բակում, մինչեւ Օհանյանին ուղեկցեն աշխատասենյակ։ Համաձայնել են․ ԱԺ աշխատակազմի ղեկավարը գրություն է ուղարկել անվտանգությանը, որտեղ Սեյրան Օհանյանի եւ Զարուհի Բաթոյանի անուններն են եղել։ Որոշ ժամանակ անց՝ հոկտեմբերին, նոր քաղաքական որոշում է կայացվել՝ Սեյրան Օհանյանին զրկել ավտոմեքենայով բակ մտնելու իրավունքից՝ համարելով, որ նա կարողանում է ինքնուրույն քայլել, իսկ Բաթոյանը շարունակում է օգտվել արտոնությունից։ Ավելին, վերջինիս համար անգամ ԱԺ 334 սենյակ հեշտ մուտք գործելու համար ԱԺ աշխատակազմը ծախս է արել ու էլեւատոր է տեղադրել աստիճանների մոտ, որ անվասայլակով նրան բարձրացնի վերեւ։ Սեյրան Օհանյանի մասով այս էժան որոշումը որեւէ կերպ չեն մեկնաբանում ԱԺ-ից։ Ասացին՝ ռեժիմով այդպես է սահմանված, եւ վերջ։ Ակնհայտ է, որ հրահանգն ամենավերեւից է եկել»:


«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաստ» թերթի աղբյուրների փոխանցմամբ, իշխանական թիմում պարբերաբար բավականին կոնֆլիկտային վիճակներ են ծագում: Ի մասնավորի, խնդիր կա այն առումով, որ նախարարները, որոնք պարտավոր են ներկա գտնվել խորհրդարանում ոլորտային հարցերի ներկայացման ու քննարկման գործընթացին, ուղղակի չեն ներկայանում։ Նրանք խորհրդարան են գալիս միայն ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, բայց պատվից վեր են համարում որևէ օրինագիծ ներկայացնել, թեկուզ չափազանց մեծ կարևորություն ունեցող: Ի դեպ, նրանք, որպես կանոն, չեն մասնակցում ոչ միայն ԱԺ մշտական հանձնաժողովներում տեղի ունեցող քննարկումներին, այլև լիագումար նիստերին։ Հիմնականում խորհրդարան են «գործուղվում» փոխնախարարները։ Այս օրերին ընթացող հերթական քառօրյայի շրջանակներում վերջին երկու օրերին քննարկվել են մեկ տասնյակից ավելի հարցեր, որոնց կեսը սահմանադրական օրենքներ են եղել, բայց փաստացի ոչ մի նախարար չի ներկայացել ԱԺ։ Թերթի տեղեկություններով, այս առումով իշխանական ուժի որոշ պատգամավորների շրջանում ընդգծված դժգոհություն կա, թե իրենց ուղղակի արհամարհում են»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Առողջապահության փոխնախարար Գեւորգ Սիմոնյանի՝ Երեւանի փոխքաղաքապետ նշանակվելուց հետո առողջապահության փոխնախարարի պաշտոնը թափուր է։ Մեր տեղեկություններով, նախարար Անահիտ Ավանեսյանը պատրաստվում է այդ պաշտոնին նշանակել իր ընկերուհուն՝ առողջապահության նախարարության գլխավոր քարտուղար Վարդուհի Գրիգորյանին։ Վ․ Գրիգորյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ինքը նման խոսակցություններից տեղյակ չէ, իրեն նման առաջարկ չի եղել։ Իսկ եթե լինի, կհամաձայնե՞ք։ Ասաց, որ ոչ մի հարցի չի ցանկանում պատասխանել»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Երեւանի նոր փոխքաղաքապետերի թիմը մեծամեծ ծրագրերով է մտել քաղաքապետարան։ Նրանք իրենց շրջապատում ասել են, որ գնում ենք քաղաքապետարանն ու ենթակա կառույցները «մաքրելու»։ «Մաքրել» ասելով՝ նկատի ունեն Հայկ Մարությանի եւ, առհասարակ, հնուց մնացած կադրերին փոխելը։ Երեքն էլ շատ երիտասարդ են եւ ըստ այդմ՝ իշխանատենչ ու մաքսիմալիստ։ Իսկ նոր պաշտոնները համարում են նոր հնարավորություն՝ ինքնահաստատվելու, կայանալու համար։ Մանավանդ որ վերադասից եւս նման հրահանգ են ստացել՝ փրթեք, փոխեք, յուրայիններին ու հավատարիմներին բերեք։  Ուստի պետք է ենթադրել, որ փոփոխություններ են տեղի ունենալու առաջին հերթին Երեւանի վարչական շրջանների ղեկավարների կազմում, ապա՝ քաղաքապետարանի բուն աշխատակազմում, հատկապես՝ բարձր դասի պաշտոններում։ Կփոխվեն ենթակա կառույցների ղեկավարները՝ տարբեր ծառայություններ, առողջապահության եւ կրթության ոլորտներ, սպասարկումներ, համայնքային հիմնարկներ։ Մի խոսքով, ատամները սրած՝ գործի են անցնելու»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Քանի օր է՝ ընդդիմադիր դաշտի ներկայացուցիչները, քաղաքական վերլուծաբաններն ու պարզապես քաղաքացիները քննարկում ու զայրանում են Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի հայտարարության վրա։ Նա, հիշեցնենք, խոսելով Հայաստանի՝ «Միութենական երկրի» մաս դառնալու անխուսափելիությունից՝ շեշտել էրգ «Հայաստանը փախչելու տեղ չունի։ Ինչ է, կարծում եք՝ նրանք ինչ-որ մեկին պե՞տք են: Նիկոլ Վովայեւիչը դրա մասին լավ գիտի»։ Նիկոլ Վովաեւիչը, սակայն որեւէ կերպ չի արձագանքում Բելառուսի գործընկերոջը՝ այն թողնելով արտաքին գործերի նախարարության կամ խորհրդարանական «Քաղաքացիական պայամանգիր» խմբակցության ուսերին։ ՔՊ-ական պատգամավորները, որ Լուկաշենկոյի հայտարարությունը լսելուն պես շտապել էին գրոհել երկրի թիվ մեկ քաղաքական ամբիոն ու «համարժեք պատասխան» տալ նրան, երեկ փոխել էին վերաբերմունքն ու ավելի սիրալիր դարձել։ «Նման միջադեպեր լինում են, մենք էլ, ԱԳՆ-ն էլ արձագանքել ենք, այնպես որ թեման համարենք փակված»,- մեզ հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավորներից մեկը։ Փաշինյանի մոտ, երեւում է, «իրավիճակ է փոխվել»։ Եթե նա այժմ խուսափում է Բելառուսի իր գործընկերոջը համարժեք պատասխան տալ, ապա 2018-ին զարմացել ու զայրացել էր հանգամանքից, որ Բելառուսի նախագահը ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի դռնփակ նիստից հետո Բելառուսում Ադրբեջանի դեսպանին պատմել էր դռնփակ ֆորմատում տեղի ունեցածը։ Միջադեպի մասին, հիշեցնենք, Փաշինյանն ասել էր, թե զարմացած է, որ 30 տարի պետության ղեկավարի կարգավիճակում եղած մարդը կարող է իրեն այդպիսի քայլ թույլ տալ: «Ես, իհարկե, պետք է պարզաբանումներ պահանջեմ Բելառուսի նախագահից եւ ոչ միայն Բելառուսի նախագահից»,- ընդգծել էր նա։ Ավելի ուշ Փաշինյանը, անդրադառնալով իր իսկ հարցապնդմանը, ասել էր, թե «ինչ որ ասել եմ, պիտի անեմ, ամեն ինչ արված է»՝ փաստացի այդպես էլ չհստակեցնելով, թե ինչ պարզաբանում է ստացել Բելառուսի նախագահից։ Լուկաշենկոյի՝ օրերս Հայաստանի մասին արած աղմկահարույց հայտարարության մասով մեր երկրի ղեկավարը, փաստորեն, ո՛չ ասելիք, ո՛չ էլ պարզաբանումներ ստանալու անհրաժեշտություն ունի»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Սիսիանում կրկին կրքերը սրվել են՝ ՔՊ-ականները բաժանվել են երկու ճամբարի: Կռիվը քաղաքապետի աթոռի շուրջ է: Սիսիանցի ՔՊ-ական ակտիվիստ Արսեն Ավագյանը, ով եկեղեցու դեմ արշավի նախաձեռնողներից էր, բավարարված չէ իր կարգավիճակով՝ նրան ընդամենը քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնում ինչ-որ աշխատանք են տվել։ Էլի դժգոհ մարդիկ կան Սիսիանի իշխանամետների շրջանում, որոնք պայքար են սկսել քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հակոբջանյանի դեմ: Վերջինիս աջակցում է նախկին ԲՀԿ-ական, սակայն հետո ՔՊ-ին հարած Կարեն Համբարձումյանը, ով նաեւ բարեկամական կապ ունի քաղաքապետի ԺՊ-ի հետ: Քաղաքապետի ԺՊ-ն եւս նախկին ԲՀԿ-ական է, եւ նաեւ դա է դարձել խոսակցությունների հիմնական առիթը։ Մյուս թեւը կարծում է, որ ավելի շատ վաստակ ունի եւ ավելիին է արժանի՝ իրենք ավելի հավատարիմ են եղել իշխանություններին, սակայն իրենց հավատարմությանը համարժեք պաշտոններ չեն ստացել, ուստի սկսել են փորել գործող ԺՊ-ի տակ եւ կենտրոնացել են ավագանու նիստերի վրա։ Ոստիկանությունում արդեն նյութեր են նախապատրաստվում այն առիթով, որ ավագանու նիստերում քվորում չի ապահովվել, սակայն նիստերը կայացել են»:


«Փաստ» օրաթերթը գրում է. «Վերջին շրջանում որոշակի շրջանակներ մեղադրանքներ են հնչեցնում ընդդիմության կամ պարզապես իշխանություններից դժգոհ մարդկանց հասցեին մոտավորապես հետևյալ կոնտեքստում, թե՝ ավտոբուսի վարորդին (օդանավի հրամանատարին, նավապետին՝ ըստ ճաշակի) սպանելու համար երազում եք խորտակված տեսնել ողջ ավտոբուսը: Հասկանալի է, չէ՞, վարորդը Նիկոլ Փաշինյանն է, ավտոբուսն էլ (ինքնաթիռը, նավը՝ ըստ ճաշակի)՝ մեր երկիրը: Այսինքն, մեղադրանքի իմաստն այն է, որ հանուն Փաշինյանի հրաժարականին հասնելու ցանկություն կա երկիրը տապալված տեսնել: Ասել, որ նման միտք գեներացնողները չափազանց վտանգավոր բան են անում, նշանակում է պարզապես ոչինչ չասել: Ավելին, սա պարզ մանիպուլյացիա է, որը տեղավորվում է իշխող ուժի գաղափարների (մեղա, մեղա) ու մոտեցումների շրջանակներում: Հիմա պարզապես պարզ հարց կարելի է տալ նման մտքեր տարածողներին. ենթադրենք՝ դուք երթևեկում եք ավտոբուսով (հիշո՞ւմ եք, չէ՞, ճաշակի պահը), ընթացքում հասկանում եք, որ վարորդը ինչ-ինչ պատճառներով (ամենատարբեր) ավտոբուսը տանում է կործանման, իսկ արդյունքում զոհվելու են բոլոր ուղևորներն անխտիր: Ի՞նչ եք անելու այդ պարագայում: Ճիշտ է, ամեն ինչ անելու եք, որ կանխեք վթարը, անդունդ գլորվելը, կործանումը: Թե դրա համար ինչ միջոցներ կձեռնարկեք, ամենևին էական չէ, կարևորը փրկեք բոլորին: Աչքերը փակելը ելք չէ: Այսինքն, այստեղ խնդիրը վարորդը չէ, խնդիրն այն պատճառներն են, թե ինչու է պետք փոխել վարորդին. խնդիրը անդունդը գլորվելուց (օվկիանոսի հատակում հայտնվելուց, ինքնաթիռի պայթյունից) փրկելն է, իսկ եթե այդ ճանապարհին ավտոբուսի «շիթը» մի քիչ վնասվի, դա կարելի է նորոգել նոր վարորդի ու նոր վարպետների հետ: Կործանման դեպքում ոչինչ այլևս չի փրկի»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Երեկ խորհրդարանում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը կարողացավ մի կերպ անցկացնել ՀՀ օրենքների նախագծերը։ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին հարցի քվեարկությունը. բանն այն է, որ սա սահմանադրական օրենք է, եւ, ըստ «ԱԺ կանոնակարգ» օրենքի 76-րդ հոդվածի, սահմանադրական օրենքներն ընդունվում են պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով։ 107 պատգամավոր ունեցող խորհրդարանում այդ թիվը 65-ն է, իսկ նախագիծը երեկ ընդունվեց 66 կողմ ձայնով, այսինքն՝ ընդամենը մեկ ձայնի տարբերությամբ։ Նախ նշենք, որ այս օրենքով Վճռաբեկ դատարանում ստեղծվելու են քաղաքացիական եւ վարչական պալատներ։ Այսպիսով, ուսումնասիրելով քվեարկության պատկերը՝ «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ բացակաների թվում են եղել Ալեն Սիմոնյանը (կատարում է նախագահի պարտականությունները), Գուրգեն Արսենյանը (կողմ քվեարկության մասին գրություն էր թողել), Տաթեւիկ Գասպարյանը, Էդուարդ Աղաջանյանը, Սարգիս Խանդանյանը եւ Քրիստինե Պողոսյանը։ Նկատենք՝ երեկ քվեարկված մի քանի նախագծերի դեպքում կային ՔՊ-ականներ, որոնք չէին մասնակցել, սակայն սահմանադրական օրենքի դեպքում մի մարդու պես քվեարկել են։ Այսինքն՝ սահմանադրական օրենքներ անցկացնելու պարագայում ՔՊ-ն կարող է բախվել խնդրի եւ մի կերպ անցկացնել դրանք»:


«ժողովուրդ» օրաթերթը գրում է. Երեկ ՀՀ խորհրդարանն ընդունեց ԱԺ պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանի եւ Վահագն Հովակիմյանի հեղինակած ««ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը, որով ԲԴԽ-ի լիազորությունները, այսպես ասած, հստակեցվում են։ Նախագծի հեղինակները որպես «հստակեցում» են անվանում ԲԴԽ՝ որպես դատարան հանդես գալու դեպքում իրավազորության (քվորումի) ապահովված լինելը խորհրդի 6 անդամների ներկայության դեպքում, իսկ որոշումների ընդունման համար շեմը խորհրդի անդամների ընդհանուր թվի 2/3-ի փոխարեն իջեցվել է մինչեւ պարզ մեծամասնություն: Սա նշանակում է, որ կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար Խորհրդում բավարար կլինի 5 ձայն «կողմ» քվեարկությունը, ներկայիս 6-ի, իսկ առանձին հարցերով՝ 7-ի փոխարեն։ Ասել է թե՝ այս որոշմամբ ԲԴԽ դատավոր անդամներին քաղաքական իշխանությունները «խաղից դուրս են թողնում», եւ այսուհետ Աժ-ի կողմից ընտրված 5 գիտնական անդամներով շատ ավելի հեշտ կարող են որոշումներ կայացնել բարձրագույն խորհրդում: Ստացվում է, որ Աժ -ն է որոշելու, թե ով է դատավոր աշխատելու, ով ոչ: Ավելին, այս որոշման ընդունմամբ, ըստ էության, ԲԴԽ-ի ինստիտուտը որպես այդպիսին դադարեց գոյություն ունենալ, քանի որ ԲԴԽ բոլոր անդամների ձայների հիման վրա պետք է որոշում կայացվի, իսկ, ահա, նոր փոփոխությամբ ԲԴԽ 5-ի ձայնի արդյունքում էլ կարող է որոշում կայացվել։ Ստացվում է՝ մյուս անդամները կան, բայց նրանք ուղղակի ֆիզիկապես նստած են, եւ նրանց ներկայությունը կամ խոսքը ոչինչ է: Իսկ ի՞նչ է կատարվել այս որոշման ընդունումից հետո դատական համակարգում: Դատական համակարգից «ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ կարգապահական վարույթների ու դատավորների լիազորությոնների դադարեցման նոր գործընթաց է սկսվում, եւ այս նախագծի ընդունմամբ ԲԴԽ-ն ճանապարհ հարթեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եւ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի համար»:


«Փաստ» օրաթերթը գրում է. ««Փաստ» թերթի տեղեկություններով, վերջին 2-3 ամիսների ընթացքում արդարադատության նախարարությունում ինտենսիվորեն աշխատում են ՀՀ դատաիրավական ողջ համակարգում փոփոխություններ նախատեսող խոշոր փաթեթի վրա, որով հավանական է արմատական փոփոխությունների ենթարկվեն միանգամից մի քանի առանցքային օրենսգրքեր։ Մեր աղբյուրի փոխանցմամբ, նման նախաձեռնությունն իրականացվում է կոնկրետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ, որպեսզի օրենքների և օրենսգրքերի՝ խութեր ունեցող և «լազեյկաներ» պարունակող բոլոր սողանցքները փակվեն և հարմարեցվեն իշխանության պահանջներին։ Ի դեպ, մեր ունեցած տեղեկություններով, այս աշխատանքային խմբի մեջ, որպես խորհրդատվական-փորձագիտական «մարմին», ներգրավված են արևմտյան ֆինանսավորմամբ հայտնի ՀԿ-ների մի քանի ներկայացուցիչներ, ինչպես նաև ներքաղաքական դաշտում ակնհայտ պրոիշխանական թեզեր գեներացնող իրավաբաններ։ Մեզ տեղեկացրեցին նաև, որ խմբի աշխատանքները նախատեսվում է ավարտին հասցնել մինչև սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի աշխատանքների ավարտը, որպեսզի Սահմանադրության հանրաքվեին ընդառաջ ընդհանուր իրավակարգավորումների հետ որևէ խնդիր չառաջանա»:


«Փաստ» օրաթերթը գրում է. Հրապարակվել են այս տարվա պաշտոնական առաջին ցուցանիշները, որոնք կրկին փաստում են այն մասին, որ գնաճը շարունակվում է: Սպառողական շուկայում 2022 թ. հունվարին 2021-ի համեմատ կազմել է 7,1%: «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը «Փաստի» հետ զրույցում նախ նշել է, որ գնաճի վերոնշյալ միջինացված ցուցանիշը վերաբերում է ընտրված ապրանքների, որոնցից մի մասի հետ սպառողն ամենօրյա առնչություն չի ունենում: «Իսկ եթե մենք վերցնենք այն ապրանքախումբը, որի հետ սպառողն ամենօրյա առնչություն է ունենում, ապա այդ ապրանքախումբը շատ ավելի շատ է թանկացել: Խոսքը մասնավորապես պարենի մասին է, որի գնաճը գերազանցում է տասը տոկոսը: Ընդ որում, պարենային ապրանքները, որոնց դեպքում 10 տոկոս գնաճ ունենք, պետք է բաժանել խմբերի: Ապրանքներ, որոնք մենք կարող ենք փոխարինել, ապրանքներ, որոնք ավելի քիչ կամ ավելի շատ ենք օգտագործում: Իհարկե, խոր վերլուծության կարիք կա, բայց, այդուհանդերձ, ամսվա կտրվածքով պարենային ապրանքների մասով միջին տվյալ փոխվեց: Պետք է հասկանալ, թե ինչպես ստացվեց, որ դարձավ շուրջ 10 տոկոս այն դեպքում, երբ մոտենում էր 15-ի: Ինչ վերաբերում է ընդհանուր գնաճին, ապա այն կա աշխարհի տարբեր երկրներում: Ըստ էության, գործադիրն ու պատասխանատու օղակները գտել են այս հարմար տեքստը ու թվում է՝ կարող են ուրիշ ոչինչ չանել: Մինչդեռ, եթե խոսում ենք աշխարհում առկա գնաճային ֆոնից, պետք է հասկանանք, որ եթե աշխարհում ունենում ենք ռեկորդներ, ապա Հայաստանում այդ ռեկորդները գերազանցվում են»,-ասաց նա՝ շեշտելով, որ ամբողջ խնդիրը հենց նշվածն է:


«Մենք կրկնակի, որոշ դեպքերում եռակի ցուցանիշներով ավելի բարձր գնաճ ունենք: Բացի այդ, երբ խոսում ենք աշխարհում առկա գնաճից, պետք է հասկանանք, թե այդ ռեկորդային գնաճ ունեցող երկրներում զուգահեռ տնտեսական և եկամուտների ինչպիսի աճեր են ունենում: Ենթադրենք՝ մենք ունենք 100 հազար դրամ ու ծախսում ենք 100 հազար դրամ՝ դրանով գնում ենք սնունդ, հագուստ, վճարում ենք կոմունալները և այլն: Հետո կյանքը թանկանում է, դառնում պայմանական 107 կամ 110 հազար դրամ: Եթե մեր եկամուտներն այդ ընթացքում դառնան 111 կամ 112 հազար դրամ, մեր կյանքը ոչ միայն չի վատանա, այլ կլավանա, որովհետև նույն բաները, որոնք առնում էինք նախորդ տարի, կրկին կգնենք, բայց ամսական 1000 կամ 2000 դրամ մեր գրպանում գումար կմնա: Բայց եթե գնաճին զուգահեռ եկամուտների աճ չունենք կամ դրանք ավելի քիչ են, նշանակում է, որ այլևս չենք կարող գնել ապրանքների այն ամբողջ խումբը, որը մինչ այդ էինք գնում, նաև ավելի քիչ ենք սպառելու: Երբ ասում են, թե այլ երկրներում էլ գնաճ կա, պետք է բերել նաև գնաճին զուգահեռ եկամուտների աճն ու հասկանալ՝ գնաճ/եկամուտների աճ հարաբերակցությունը հօգուտ եկամուտների՞, թե՞ գնաճի է: Սա այն կարևոր խնդիրն է, որը մեզ մոտ պատասխանատու օղակը փորձում է շրջանցել»-ընդգծեց Բաբկեն Պիպոյանը: Նա շեշտեց՝ անկախ բարձր ու ցածր եկամուտ ունենալուց, Հայաստանում յուրաքանչյուրի կյանքը յուրովի, բայց թանկացել է. «Ռեստորան հաճախողը հասկանում է, որ այնտեղ էլ թանկացում կա, հյուրանոց գնացողը՝ այնտեղ ևս, 5000 դրամ արժեքով հագուստ գնել ցանկացողը այն արդեն 6000 է տեսնում, 50 հազար դրամանոցը գնողը՝ 60 հազար: Այսինքն, բոլորի համար թանկացումները նկատելի են: Կարճաժամկետ հատվածում այս գնաճը դժգոհությունների կհանգեցնի, իսկ երկարաժամկետ հատվածում կյանքի վատացում է սպասվում»: Պիպոյանի խոսքով, կոմունալ ծառայությունների գների բարձրացումն իր հերթին կհանգեցնի գնաճի և, որպես գործոն, կավելանա գնաճի մյուս բոլոր գործոններին: Մեր զրուցակիցը շեշտեց, որ իրավիճակը մեղմելու ուղղությամբ քայլեր չեն իրականացվում: