Հայաստանը ստեղծում է պետական ընկերություն իրանական գազի ներմուծման ու տարնացման համար
ՀՀ կառավարության որոշմամբ` ստեղծվում է «Էներգաիմպեքս» 100 տոկոս բաժնեմասով պետական ընկերություն, որը հնարավորություն կունենա Իրանից գնել, ներմուծել և արտահանել գազ:
«Որոշումը պայմանավորված է նրանով, որ ներկայում ՀՀ-ում չկա որևէ կառույց, որը կունենա իրավունք այլ երկրներից, մասնավորապես, Իրանի Իսլամական Հանրապետությունից գնել, ներկրել և որպես տարանցիկ երկիր արտահանել էլեկտրաէներգիա և գազ: Կառավարության այս որոշմամբ նախատեսված ընկերության ստեղծումը կփակի այդ բացը, և մենք երկրում կունենանք կառույց, որն այդ իրավունքները կունենա և կիրականացնի»,- կառավարության նիստում ասաց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Լևոն Յոլյանը:
Հիմնավորման համաձայն՝ ընկերության ստեղծումը հնարավորություն կընձեռի ավելացնել բնական գազի ներկրումն Իրանի տարածքից՝ առավել արդյունավետ դարձնելով Իրան-Հայաստան գազամուղի օգտագործումը:
Հայաստանի և Իրանի միջև ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում իրականացվում է գազի և էլեկտրաէներգիայի փոխանակում:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Իրանը վրացական գնորդներից մեկի հետ ստորագրել է փորձնական պայմանագիր, որի համաձայն՝ 2016 թվականին Հայաստանին մատակարարվող իրանական գազի ոչ մեծ խմբաքանակ նրա տարածքով կուղարկվի Վրաստան: Այդ մասին հուլիսի 26-ին Թեհրանում Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Լևոն Յոլյանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել էր Իրանի նավթարդյունաբերության նախարար Բիժան Նամդար Զանգանեն: Նրա խոսքով՝ Իրանը հուսով է, որ Հայաստանի տարածքով Վրաստանին գազ մատակարարելու փորձնական գործարքը կիրագործվի մինչև հաջորդ մարտ:
Հայաստանն Իրանից գազ է ներկրում բարտերային սկզբունքով՝ էլեկտրաէներգիայի դիմաց 3/1-ի հարաբերակցությամբ: Վերջերս կողմերը պայամանվորվել էին մինչեւ 2018 թ-ի վերջ ավելացնել դեպի Հայաստան գազի ներկրումը երեք անգամ՝ հասցնելով օրական 3 մլն խորհանարդ մետրի: Սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ հայ-իրանական գազատարի մաքսիմալ թողունակությունը կազմում է 2,3 մլրդ խորհանարդ մետր տարեկան, որը հավասար է Հայաստանում օգտագործվող գազի ծավալներին մեկ տարում, դժվար է պատկերացնել իրանական գազի ֆիզիկական տարանցում դեպի Վրաստան:
Միեւնույն ժամանակ հայ-ռուսական գազատարն է հանդիսանում միակ խողովակը, որով գազ է մատակարարվում Հայաստան Վրաստանի տարածքով: Սակայն սա միակողմանի՝ Ռուսաստանից Հայաստան գազ տեղափոխող խողովակ է: Այն չի կարող միաժամանակ համ գազ մատակարարել Հայաստան, համ էլ իրանական գազ տարանցել Վրաստան: Ուստի որոշ վերլուծաբանների նախնական հայտարարություններն առ այն, որ Հայաստանն այսպիսով նվազեցնում է իր գազային կախվածությունը Ռուսաստանից, տեղին չեն:
Նախ հայ-իրանական գազատարի հայկական հատվածն ամբողջությամբ գտնվում է ռուսական գազային հսկայի՝ Գազպրոմի վերհսկողության տակ: Սա կարգավորված է ՀՀ կառավարության որոշմամբ ու ռուսական կողմի հետ կնքված պայմանագրերով: Իսկ եթե հաշվի առնենք, որ առկա խողովակային ենթակառուցվածքները ֆիզիկապես թույլ չեն տալիս գազ տարանցել դեպի Վարաստան, ապա խոսքը, ըստ փորձագետների, գազի «սվոպային» առաքումների մասին է: