28.06.2026
Բաղրամյան պողոտայում ինքնահրկիզման փորձ կատարած քաղաքացին մահացել է
prev Նախորդ նորություն

Ժիրայր Սեֆիլյանը խնդրել է Պավել Մանուկյանին դադարեցնել հացադուլը

«Հիմնադիր խորհրդարան»-ի առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից նամակով դիմել է «Սասնա ծռեր» խմբի անդամ, իր համախոհ Պավել Մանուկյանին՝ խնդրելով դադարեցնել հացադուլը։

Նամակում, որը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Սեֆիլյանի կինը՝ Նանոր Սեֆիլյանը, մասնավորապես ասված է. - «Սիրելի Պավլիկ, բարեբախտաբար հուլիսի 31-ին տղաները ճիշտ որոշում կայացրին՝ խուսափելով երկկողմ արյունահեղությունից: Հուլիսի 17-ից սկսած դուք արել եք ձեզնից կախված առավելագույնը: Ապացուցել եք, որ հայը երբեք ստրուկ չի եղել և չի լինելու: Ձեր արարքով ապացուցել եք, որ հայը մահից ու բանտից վախեցողը չէ՝ դրանով իսկ փաստելով, որ մեր ազգն անմահ է: Վստահ եղիր, որ այս զոհողությունը իմաստավորվելու է, և մեր սիրելի ժողովուրդն ուշ թե շուտ ապստամբելու է»:

Սեֆիլյանը շարունակել է. - «Հուլիսի 27-ին <...> վիրահատությունից հետո, երբ բացեցիր աչքերդ և հասկացար, թե ինչ է տեղի ունեցել, ապրեցիր երկու խիստ հակասական զգացում: Առաջինը՝ ուրախությունն էր, որ Արամի [Պավել Մանուկյանի որդին] կյանքին վտանգ չի սպառնում, և երկրորդը՝ տխրությունն էր, որ այդպիսի ծանր վնասվածքներով գամված ես անկողնում, այո՛, քեզ լավ ճանաչելով վստահ պիտի նախընտրեիր անշնչանալը, քան այդ վիճակում հայտնվելը, և այդ պատճառով որոշեցիր հրաժարվել սնվելուց, հայտնում է Ազատությունը։

<...> Եթե ողջ ես մնացել, ուրեմն դա Աստծո կամքն է եղել, եթե ողջ ես մնացել, ուրեմն տակավին բան ունես անելու ընդհանուրի՝ Հայաստանի և քո ընտանիքի համար: Ուստի եղբայրաբար խնդրում եմ դադարեցնես հացադուլը, և օգնելով բժիշկներին՝ օր առաջ ոտքի կանգնես»։

Հուլիսի 27-ին ոստիկանությունը հաղորդեց, որ հուլիսի 26-ի լույս 27-ի գիշերը ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքում տեղի է ունեցել փոխհրաձգություն, որի հետևանքով վիրավորվել է իրավապահներից մեկը, ինչպես նաև Պավել Մանուկյանն ու նրա որդին՝ Արամ Մանուկյանը: Վերջիններս տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Այնուհետև Պավել Մանուկյանին ու նրա որդուն՝ Արամ Մանուկյանին մեղադրանք առաջադրվեց շենք-շինություններ զավթելու և ապօրինի զենք-զինամթերք պահելու համար, և նրանք երկու ամսով կալանավորվեցին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից տեղափոխվեցին «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ։ Պավել Մանուկյանը, չընդունելով մեղադրանքները, հացադուլ հայտարարեց։
Մամուլի տեսություն. Ոստիկանության լաբորատորիայում պատրաստում են հոգեմետ դեղեր
Հաջորդ նորություն next
 Սերդար Քըլըչը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
26.06.2026
Սերդար Քըլըչը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին