25.11.2024
Կես տարում երկրորդ անգամ. Արմեն Սարգսյանը նորից կմեկնի ԱՄԷ
prev Նախորդ նորություն

Բաքվում հակահայկական ջարդերով ավարտին հասցվեց Ադրբեջանի հայաթափման գործընթացը. ԱԳՆ

32 տարի առաջ այս օրերին Բաքվում սկսվեցին հայերի զանգվածային ջարդերը, որոնք դարձան Ադրբեջանական ԽՍՀ-ում ապրող հայ բնակչության ոչնչացման և բռնի տեղահանման քաղաքականության գագաթնակետը։


Ինչպես հայտնում են ԱԳՆ-ի մամուլի ծառայությունից, մեկ շաբաթ տևած արյունալի և զանգվածային հանցագործությունների հետևանքով հայ բնակչության շրջանում եղան հարյուրավոր սպանվածներ, խեղվածներ և անհետ կորածներ: Այդ ջարդերով ավարտին հասցվեց Ադրբեջանի հայաթափման գործընթացը, որի հետևանքով շուրջ կես միլիոն հայ դարձավ փախստական:


Բաքվի ջարդերի և հայերի նկատմամբ իրականացված մյուս ոճրագործությունների հետևողական ժխտումը, դրանց իրագործողների հերոսացումը, հայերի նկատմամբ ատելության շարունակական արմատավորումը մինչ օրս էլ Ադրբեջանում պետական քաղաքականություն են, որոնք արտահայտվում են նաև Հայաստանի և Արցախի նկատմամբ ատելության խոսքով ու ագրեսիվ քաղաքականությամբ, ինչը մեր տարածաշրջանում խաղաղության ու կայունության առանցքային սպառնալիք է:


Այսօր մենք գլուխ ենք խոնարհում Բաքվում տեղի ունեցած հակահայկական ջարդերի անմեղ զոհերի հիշատակին և վերահաստատում ենք Հայաստանի, Արցախի և ողջ աշխարհասփյուռ հայության միասնական հանձնառությունը` ապահովելու իր հայրենիքում ազատ, անվտանգ և արժանապատիվ ապրելու հայ ժողովրդի իրավունքը: