26.11.2024
Ինչո՞ւ է Ղազախստանին հաջողվել օգնություն ստանալ ՀԱՊԿ-ից, իսկ Հայաստանին՝ ոչ. կարծիք
prev Նախորդ նորություն

Մամուլ. Արարատ Միրզոյանը դեմ է եղել Վաղարշակ Հարությունյանի նշանակմանը

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Փաստ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, օրերս վերջապես կատարվեց պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի երազանքը, և նա նշանակեց ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան։ «Փաստ» թերթն իր նախորդ հրապարակումներում նշել էր, որ Վաղարշակ Հարությունյանի՝ դեսպան նշանակվելու ագրեմանի հարցումը երկու անգամ ուղարկվել է Մոսկվա, սակայն այնտեղից պատասխան չի եղել, ինչը փաստացի նշանակում է մերժում: Մեր աղբյուրները պնդում են, որ ռուսական կողմը կտրուկ դեմ է եղել այս նշանակմանը, և, ինչպես տեղեկացրել էին, այս հարցում Վլադիմիր Պուտինին Նիկոլ Փաշինյանն անձամբ էր դիմել և խնդրել հաստատել Հարությունյանի թեկնածությունը։ Այս ամենի հետ կապված թերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել։ Մասնավորաբար, ԱԳՆ-ի մեր աղբյուրի փոխանցմամբ, նախարարությունում Վաղարշակ Հարությունյանի նշանակումը ոչ միանշանակ է ընդունվել. մեր տեղեկություններով՝ այդ նշանակմանը դեմ է եղել նույնիսկ նախարար Արարատ Միրզոյանը։ Մեր աղբյուրը փոխանցում է նաև, որ Հարությունյանի թեկնածության առաջադրման, առավել ևս՝ նշանակման փաստը նախարարությունում ծաղրուծանակի առարկա է դարձել, մեծամասնությունը հեգնանքով ու տարակուսանքով է վերաբերվել այս հանգամանքին։ Հավելենք, որ, «Փաստ» թերթի տեղեկություններով, առաջիկայում դիվանագիտական կորպուսում փոփոխությունները կշարունակվեն. մեզ փոխանցեցին, որ իշխանությունները մտադիր են էապես փոխել դեսպանների կազմը: Ի դեպ՝ առաջիկայում հավանական նշանակվողների ցանկում, մեր աղբյուրի փոխանցմամբ, բավական ուշագրավ դեմքեր կան»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ուշագրավ իրավիճակ է ստեղծվել ՀՀ պաշտպանության նախկին նախարարների մասով։ Բանն այն է, որ հետաքրքիր զուգադիպությամբ նախարարի պաշտոնից ազատումից հետո բոլոր նախարարները «մեկուսանում են» Ռուսաստանի դաշնության մայրաքաղաքում։ Օրինակ՝ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը արդեն երկար ժամանակ է, ինչ ապրում է Ռուսաստանում, հետո պարզվեց նաեւ, որ ՌԴ քաղաքացի է: Դավիթ Տոնոյանը ԱԱԾ մեկուսարանում է, հակառակ դեպքում նա էլ կգնար Մոսկվա: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Միքայել Հարությունյանի օրինակով պաշտոնի ազատումից հետո Մոսկվա է գնացել նաեւ ՀՀ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյանը: ՊՆ-ում տարածված խոսակցությունների համաձայն՝ նա այնտեղ է գնացել կարճ ժամանակով, սակայն փաստ է` ազատումից հետո նա մեկնել է Մոսկվա եւ մինչ օրս այնտեղ է: Իսկ, ահա, պաշտպանության մյուս նախարար Վաղարշակ Հարությունյանը այլ կարգավիճակով է Մոսկվայում. նա հունվարի 5-ին նշանակվեց Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան (նստավայրը՝ Մոսկվա)։ Ստացվում է, որ պաշտպանության նախարարներն իրենց ազատումից հետո հանգրվանում են Ռուսաստանում»:


«Փաստ» օրաթերթը գրում է. «Տարին սկսվեց աշխարհում ընթացող բուռն իրադարձություններով։ Չնայած դրանք դուրս են Հայաստանից, բայց հաճախ ուղղակիորեն առնչվում են մեր երկրին։ Եվ խոսքն առաջին հերթին վերաբերում է Ղազախստանում տեղի ունեցող գործընթացներին։ Թե՛ վերջիններիս, թե՛ ՀԱՊԿ ներգրավվածությանը, թե՛ Նիկոլ Փաշինյանի որոշումներին տրվող գնահատականները միանշանակ չեն: «Փաստի» հետ զրույցում ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանը կարծիք հայտնեց, որ ՀԱՊԿ-ն իրեն դրսևորեց որպես արագ արձագանքի ունակ կառույց: Ինչ վերաբերում է Հայաստանի գործող իշխանությանը, ապա, Հակոբյանի խոսքերով, այն հերթական անգամ ցուցադրեց իր անսկզբունքային ու անարժեք լինել ը: «Առիթ ունեցել եմ ասելու, կրկնեմ, փողոցով իշխանության եկածը, նույն մարդը, ով հրահրել է Մարտի 1-ը և պարծենում էր այն ժողովրդով, որ խլել էր ոստիկանից մահակն ու վահանը, այժմ զինվորներ է ուղարկում Ղազախստան, որ ղազախ ոստիկանից խլած վահանն ու մահակը հետ վերադարձնի նրան։ Եվ ամենազարհուրելին այն է, որ դա անում է՝ հերթական անգամ ժողովրդին որևէ բացատրություն չտալով, որևէ կերպ իր գործողությունները չհիմնավորելով ու չմեկնաբանելով: Փաշինյանը նույնիսկ ԱԺ արտահերթ նիստ չհրավիրեց այլ երկիր զորք ուղարկելու հարցով, իսկ Հայաստանը, հիշեցնեմ, խորհրդարանական երկիր է»,- նշեց Վահե Հակոբյանը»:


«Փաստ» օրաթերթը գրում է. «Հոկտեմբեր-նոյեմբերին, ապա և դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրությունները, կարծես, պետք է որ հիանալի հնարավորություն լինեին հատկապես նորաստեղծ քաղաքական ուժերի համար՝ դրսևորելու իրենց քաղաքական դաշտում: Մենք առիթ ունեցել ենք նշել, որ այս առումով բավական ուշագրավ էին հատկապես «Ապրելու երկիր» կուսակցության ցուցանիշները. այս նորաստեղծ քաղաքական ուժը մի շարք համայնքներում իրոք տպավորիչ արդյունքներ գրանցեց: Սակայն այն, ինչ արեց «Ապրելու երկիր» կուսակցությունը մասնավորաբար Փարաքար համայնքում, ըստ էության, կարելի է ասել, ջուրը գցեց այն բոլոր հույսերը, որ իրենց հետ կապում էին նրանց ընտրողները: Երկար ու ձիգ օրերի բոլոլայից հետո, հիշեցնենք, Փարաքարում աննախադեպ որոշման եկան երկու քաղաքական ուժեր՝ 5 տարին բաժանելով երկու հավասար մասի. 2,5 տարի քաղաքապետ կլինի Դավիթ Մինասյանը, մյուս 2,5 տարին՝ ՔՊ թեկնածու Լյուդվիգ Գյուլնազարյանը: Ինչ վերաբերում է «Ապրելու երկիր» կուսակցությանը, որն ուներ 10 մանդատ (նշյալ երկու ուժերը միասին՝ 11), ապա որոշեցին պարզապես վայր դնել մանդատները, թեպետ մեկ անգամ ընտրություն արել էին, և իրենց թեկնածուն ընտրվել էր համայնքապետ: «Մենք մեր հաղթանակը պատրաստ ենք ամրագրել նաև դատական ատյաններում»,- հայտարարել էր կուսակցությունը, սակայն ընդամենը երկու շաբաթ անց այլ որոշում կայացրեցին: Ճիշտ է, նրանք իրենց քայլը մեկնաբանեցին՝ «հանուն մեր ժողովրդի, հանուն ձեզ, մեզ տված քվեի, որ չլինեն տարաձայնություններ մեկը մյուսի նկատմամբ, մենք սա անում ենք համերաշխության ֆոնը պահպանելու համար», սակայն փաստը մնում է փաստ, որ «Ապրելու երկիրը» հրաժարվեց պայքարից, հրաժարվեց նաև մնալ թեկուզ ընդդիմություն, դրական դերակատարություն ունենալ համայնքի զարգացման հարցում: Դժվար է ասել՝ այս ամենը ներքին ինչ-ինչ պայմանավորվածությունների արդյունք է, թե քաղաքական կամքի բացակայություն, սակայն, շատերի կարծիքով, այս քայլով «Ապրելու երկիրը» փաստացի հիմք դրեց ավարտելու դեռ նոր սկսված քաղաքական «ճանապարհը»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ առողջապահության նախարարի հրամանի համաձայն՝ հունվարի 22-ից հանրային սննդի օբյեկտների, հյուրանոցային տնտեսության օբյեկտների եւ մարզասրահի հաճախորդները, գրադարանների եւ թանգարանների այցելուները, թատերահամերգային, կինոյի եւ այլ մշակութային գործունեություն իրականացնող կազմակերպությունների հանդիսատեսները մուտք են գործելու միայն, եթե ներկայացնեն կա՛մ ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ, կա՛մ թեստի 24-ժամյա վաղեմության բացասական արդյունքը հավաստող տեղեկանք: Իհարկե, կայացված որոշմամբ սահմանափակումներ կան, եւ դա, օրինակ, չի վերաբերում մինչեւ 18 տարեկան անձանց: Անձը հաստատող փաստաթուղթ ներկայացնելու դեպքում հղիները, փաստագրված բացարձակ հակացուցում ունեցողները, ուսանողները կարող են չներկայացնել ո՛չ թեստ, ո՛չ ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը, ինչը նշանակում է, որ ուսանողների պարագայում հակասություն է առաջանում: Բանն այն է, որ նախորդ տարվա հոկտեմբերի մեկից գործում է պարտադիր պատվաստման կամ 14 օրը մեկ կորոնավիրուսի թեստի բացասական պատասխան ունենալու հակասահմանադրական ճանաչված որոշումը, սակայն ուսանողները համալսարան դասի գնալով կարող են չպատվաստվել, նրանք բացառություն են կազմում: Ստացվում է՝ համալսարաններում, որտեղ ուսանողների շփումը միմյանց հետ ավելի շատ է, քան, օրինակ, հանրային սննդի կետում երեք հոգով ճաշելու պարագայում, ուսանողները կարող են թեստ չհանձնել կամ չպատվաստվել, մինչդեռ դրանից վարակվելու ռիսկը չի նվազում: Ահա այսպիսի անտրամաբանական, չվերահսկվող գործիքների կիրառման արդյունքում է, որ Հայաստանում պատվաստումների ցուցանիշը շարունակում է ցածր մնալ: ՀՀ առողջապահության նախարարության հաղորդմամբ՝ հունվարի 9-ի դրությամբ կատարվել է ընդհանուր 1 694 518 քովիդ պատվաստում, որից 952 813-ը՝ առաջին դեղաչափ, 740 489-ը՝ երկրորդ»:


«Փաստ» օրաթերթը գրում է. Հունվարի 1-ից ուժի մեջ է մտնում հակածխախոտային օրենքը: Կառավարությունը պնդում է, որ ցանկանում է գործուն քայլեր կատարել և նվազեցնել ծխախոտի օգտագործումը և կանխել դրա հետևանքով առողջությանը պատճառված վնասները: Այս հրապարակմամբ անդրադառնալու ենք հունվարի 1-ից ուժի մեջ մտած վաճառասրահներում և հանրային սննդի օբյեկտներում ծխախոտային արտադրատեսակների և դրանց պատկանելիքների, փոխարինիչների հրապարակային ցուցադրման արգելքին՝ հարցի հոգեբանական կողմի առումով: Ինձ համար, ով ծխող չէ, այս արգելքը որևէ նշանակություն չի ունենալու, իսկ ծխողների ու հատկապես անչափահասների համա՞ր, որոնք այդ տարիքում հատկապես հակված են դեպի ծխախոտը: Հոգեբան Աննա Բադալյանը նշում է՝ խնդիրը պետք է բազմակողմանի դիտարկենք, որովհետև մեկ որոշումը չի կարող այն լուծել:


«Գործ ունենք հասարակության հետ, որտեղ կան տարբեր մարդիկ՝ տարբեր հոգեբանությամբ, ընկալումներով ու կարծրատիպերով: Վնասակարի գովազդը դադարում է, շատ լավ է: Անցանք երկրորդ էտապին: Այն մարդը, որը ծխում է, շարունակելու է ծխել, այստեղ պետք է գիտակցական մակարդակի վրա ազդել: Բնական է՝ երբ տեսնում է ծխախոտը, պահանջմունքն արթնանում է: Չեմ ասում, թե ամբողջովին, բայց գուցե 0,05 տոկոսով այն կրճատվի: Երբ չկա տեսողական ընկալումը, հնարավոր է մեկ անգամ մոռանա ծխախոտ գնել, բայց հնարավոր է նաև պահանջմունքը մեծանա: Այս առումով բավականին մեծ գործ ունի անելու կախվածության կենտրոնը: Ինձ համար ամենամեծ հարցը, որի մասին կցանկանայի խոսել, կապված է անչափահասների հետ: Մեր երկրում տղաների մեծ մասը սկսում է ծխել այդ տարիքից: Անցումները, արգելքի սահմանը պետք է նուրբ լինի, քանի որ արգելված պտուղը քաղցր է: Երբ մարդու տեսողական ընկալումները դա չեն ըմբոշխնում, հասարակության մեջ լսում է բացասական կարծիք, լրատվամիջոցները, հեռարձակվող գովազդները կրթող ու դաստիարակող գործառույթ են իրականացնում, դրան զուգահեռ ընտանիքում չեն ծխում, հավատացեք՝ անչափահասը երբեք դեպի ծխախոտը չի գնա: Բայց եթե արգելքը կոպիտ ձևով արվի, պահանջմունքը կմեծանա, կգործի արգելված պտուղը քաղցր է սկզբունքը»,- «Փաստի» հետ զրույցում ասում է հոգեբանն՝ ընդգծելով, որ ծխախոտի օգտագործումը մեր հասարակության մեջ նվազեցնելու համար բավականին լայնածավալ աշխատանք պետք է տանենք, ընդ որում՝ տարբեր ուղղություններով: «Միայն գովազդն արգելելով հարցը չի լուծվի, պետք է աշխատել հասարակության հետ: Եթե ուսումնասիրենք, ապա ծխող մարդկանց պարագայում խնդիրները հիմնականում հոգեբանական են, հետո է դառնում նաև ֆիզիոլոգիական պահանջմունք»,-նշում է մեր զրուցակիցը: