ՀԱՊԿ պետություններից ակնկալում ենք ճգնաժամային մեխանիզմների ավելացում. Փաշինյան
Հայաստանը ՀԱՊԿ պետություններից ակնկալում է համատեղ ջանքերի ավելացում՝ ճգնաժամային արձագանքման մեխանիզմների ամրապնդման համար։
Այս մասին այսօր՝ հունվարի 10-ին, ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների առցանց համաժողովում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ ՀԱՊԿ–ում Հայաստանի նախագահության առանցքային առաջնահերթություններից է կազմակերպության ճգնաժամային արձագանքման մեխանիզմների ամրապնդումը:
«Ելնելով դրանից՝ ՀԱՊԿ անդամ պետություններից ակնկալում ենք համատեղ ջանքերի ավելացում՝ այդ մեխանիզմների հետագա կատարելագործման նպատակով, ինչն անվիճելի կծառայի ինչպես անդամ պետությունների միջև փոխգործակցության հետագա զարգացմանը, այնպես էլ կազմակերպության համապատասխան կառույցների և մեխանիզմների ամրապնդմանը»,-ասել է Փաշինյանը:
Ընդ որում, նա գոհունակությամբ է արձանագրել Ղազախստանում տիրող իրավիճակի վերաբերյալ ՀԱՊԿ երկրների միջև բարձր փոխըմբռնումը։