Սյունիքում երկու ավտոմեքենա են այրել, որից մեկը պատկանում է Առուշ Առուշանյանին
Երեկ՝ հունվարի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում:
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, ժամը 02:50-ի սահմաններում, Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 Ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վերիշեն գյուղում գտնվող «Բեստ Ռոուդ» ՍՊԸ-ում հրդեհ է է բռնկվել:
Ժամանել են Գորիսի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, ովքեր նախ կանխել են կայանված 2 ավտոմեքենաներում առաջացած հրդեհի տարածումը, ապա մարել այն:
Գ. Շամշյանի տեղեկություններով, այրվել է Հարթաշեն գյուղի բնակիչ, 51-ամյա Արմեն Դավթանին պատկանող КамАЗ-5511 մակնիշի և Գորիսի բնակիչ, 31-ամյա Առուշ Առուշանյանին պատկանող ЗИЛ-130 մակնիշի ավտոմեքենաները:
Ըստ նախնական տեղեկությունների, Ա. Դավթյանին պատճառվել է 1 միլիոն դրամի գույքային վնաս, իսկ Ա. Առուշանյանին՝ մոտ 800 հազ. դրամի:
Ոստիկանության նյութերով ձեռք բերված տվյալների համաձայն, հրդեհի նախնական պատճառ է հանդիսացել նշված ավտոմեքենաները հեղուկ վառելիքով՝ բենզինով, դիտավորյալ այրելը:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով, բարեբախտաբար՝ տուժածներ չկան:
Առուշ Առուշանյանը վերջերս Գորիսի ընտրված քաղաքապետն է, ով գտնվում է ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում: