Ամանորյա տոն Ստեփանակերտում շուրջ 600 երեխաների համար
Ռուս-հայկական հումանիտար նախաձեռնությունների աջակցման և զարգացման «Ժառանգություն և առաջընթաց» հիմնադրամը դեկտեմբերի 27-ին Արցախում Ամանորին նվիրված միջոցառում էր կազմակերպել 44-օրյա պատերազմում զոհված հերոսների, վիրավորների և տեղահանված ընտանիքների շուրջ 600 երեխաների համար։
Միջոցառման մասնակիցներին տեսակապով ողջունել ու շնորհավորանքի խոսք է հղել «Ժառանգություն և առաջընթաց» հիմնադրամի նախագահ, ՌԴ Գիտությունների Ազգային Ակադեմիայի ակադեմիկոս, Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի բժշկական-գիտակրթական կենտրոնի տնօրեն Արամայիս Ալբերտի Կամալովը (ուղերձը կցված է)։ Արցախցի փոքրիկների համար նախատեսված նվերները հանձնել է ՌԴ Պետական դումայի Ընտանիքի, կանանց և երեխաների հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ տեղակալ, պատգամավոր Վալերի Միլոնովը («Միացյալ Ռուսաստան» կուսակցություն)։ Միջոցառման շրջանակներում ռուս պատգամավորը կերպարանափոխվել էր Ձմեռ պապիկի։
Մանուկների ու նրանց ծնողների համար կազմակերպվել էր հյուրասիրություն։
«Ժառանգություն և առաջընթաց» հիմնադրամի աջակցությամբ դեկտեմբերի 30-ին տոնական միջոցառում կկազմակերպվի նաև Արցախում ռուսական համայնքի երեխաների համար, որոնց կհանձնվեն նվերներ։
«Ժառանգություն և առաջընթաց» հիմնադրամը ստեղծվել է 2020 թվականի հունիսի 22-ին՝ ՌԴ Դաշնային խորհրդի ակտիվ աջակցությամբ։Հիմնադրամի առաքելությունն է զարգացնելու ռուս-հայկական հումանիտար և մշակութային բազմակողմանի կապերն ու խրախուսելու նախաձեռնությունները։