Արցախի Ազգային Ժողովն այսօր՝ դեկտեմբերի 27-ին, ժամը 11։00-ին արտահերթ նիստ է հրավիրել, որի օրակարգում «Արցախի Հանրապետության ինքնիշխանությանն ու սուբյեկտայնությանը սպառնացող վտանգների և մարտահրավերների մասին» խորագրով ԱՀ ԱԺ հայտարարության տեքստի բովանդակության քննարկման հարցն է։
VERELQ-ը հիշեցնում է, որ իր վերջին ֆեյսբուքյան ասուլիսում Նիկոլ Փաշինյանը սկանդալային հայտարարություններ էր արել Արցախի ապագայի և բանակցային գործընթացի շուրջ: Մասնավորապես, հայտարարել, որ "Արցախը չի կարող ամբողջությամբ հայկական լիներ.
"Ի՞նչ նկատի ունենք՝ հայկական։ Այդ բանակցություններից ակնհայտ էր, որ Արցախը՝ ԼՂԻՄ-ը, ունենալու էր թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական բնակչություն, ԼՂ-ում արդյո՞ք լինելու էր օրենսդիր իշխանություն՝ այո, լինելու էր, բայց այն ամբողջությամբ հայկական չէր լինելու, լինելու էր ադրբեջանական քվոտա ու հայկական քվոտա։ Լինելու՞ էին ՏԻՄ-եր՝ այո, բայց դրանք ոչ միայն հայկական, այլեւ ադրբեջանական էին լինելու",- ասել էր Փաշինյանը: Հնչել են այլ, մեղմ ասած, մտքեր ևս:
Հանրությունը ՀՀ վարչապետին քննադատության ենթարկեց՝ որակելով այդ հայտարարությունները պրոադրբեջանական և, ըստ էության, Ադրբեջանի մշտական շեշտադրումներով լի: Փաշինյանին քննադատեցին նաև Արցախի գործող իշխանության ներկայացուցիչները, այդ թվում և նախագահ Արայիկ Հարությունյանը: Վերջինս հատկապես հիշեցրեց, որ միայն Արցախի իշխանություններն են լիազորված խոսելու Արցախի անունից.
"Արցախը հազարամյակներ շարունակ եղել է հայկական ու մնալու է հայկական, և արցախահայությունն ունի բավարար կամք ու ռազմավարական համբերություն այդ պայքարը շարունակելու: Անկախ որևէ մեկի կամքից ու կարծիքից, վստահ եմ, արցախահայությունը շարունակելու է իր արդար պայքարը հանուն Արցախի անկախության միջազգային ճանաչման և Հայրենիքի պաշտպանության",- ասված է Հարությունյանի հայտարարության մեջ:
Իրենց մտահոգությունը համատեղ հայտարարությունով արտահայտեցին նաև ՀՀ և Արցախի Մարդու իրավունքների պաշտպաններ Արման Թաթոյանն ու Գեղամ Ստեփանյանը՝ ընդգծելով, որ ՀՀ վարչապետի գնհատականները վտանգավոր են.
"Հայաստանի վարչապետի վերջին ասուլիսի գնահատականները խիստ վտանգավոր են Արցախի հայերի կենսական իրավունքների համար եվ խոչընդոտում են ադրբեջանական ցեղասպան քաղաքականությունից պաշտպանությունը",- ասված է հայտարարության մեջ:
Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանն էլ հայտարարեց, որ Արցախի մոտեցումը չի փոխվել, այն հետևյալն է՝ երբեք չեն լինի Ադրբեջանի կազմում և երբեք չեն հրաժարվի Արցախի պատմական տարածքներից, որոնք այսօր օկուպացված են Ադրբեջանի կողմից.
"Կարգավիճակի խնդիրը կա, եղել է և կմնա բանակցային գործընթացի առանցքային թեմաներից մեկը։ Այս հարցը երբեք դուրս չի մնացել բանակցային գործընթացից և միշտ պետք է մնա դրա օրակարգում։ Իսկ ԼՂԻՄ-ի ցանկացած հիշատակում, ԼՂԻՄ տերմինը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում ներառելու փորձերը, պետականության այդպիսի մոդելը որպես Արցախի ապագա դիտարկելը մեզ համար կտրականապես անընդունելի է", - շեշտել էր Բաբայանը։
Մեզ մնում է հիշեցնել, որ նախօրեին Փաշինյանը փորձեց պարզաբանել, թե ինչ նկատի ուներ ասուլիսում այս կամ այն մտահոգիչ հայտարարությունն անելով: Անգամ հայտարարեց, որ արձագանքն իր համար տարակուսելի է: Բայց գործընթացն այլևս մեկնարկել է, և բոլորի ուշադրությունն այսօր Ստեփանակերտում սպասվող զարգացումների վրա է կենտրոնացած: