Արարատի մարզում արձանագրվել է բոտուլիզմի դեպք. տուժել է 4 հոգի
Արարատի մարզում դեկտեմբերի 23-ին արձանագրվել է բոտուլիզմի դեպք, ինչից տուժել է 4 հոգի: ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը տեղեկացնում է, որ թունավորման պատճառը տան պայմաններում պահածոյացված վարունգի մարինադն է, որն ուտելուց հետո հիվանդների մոտ ի հայտ են եկել բոտուլիզմին բնորոշ ախտանշաններ։
Հիվանդները տեղափոխվել են «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն և «Մուրացան» բժշկական կենտրոն, որտեղ նրանց անմիջապես ներարկվել է հակաբոտուլինային պոլիվալենտ շիճուկ: Թունավորվածների վիճակը բժիշկները գնահատում են ծանր:
«Հաշվի առնելով այս հիվանդության ծանր ընթացքը, ինչպես նաև՝ հետագա բարդություններից խուսափելու նպատակով ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետները հորդորում են խուսափել տնային պայմաններում պատրաստված պահածոների օգտագործումից, տնային պայմաններում պատրաստված պահածոներն օգտագործելուց առաջ ենթարկել ջերմային մշակման` պահածոյի պարունակությունը եռացնելով 20-25 րոպե, չգնել տնային պայմաններում պատրաստված պահածոներ շուկայից կամ պատահական անհատներից, առաջին ախտանշաններն ի հայտ գալուն պես անմիջապես դիմել բժշկի»,-ասված է հաղորդագրությունում:
Բոտուլիզմի հիմնական ախտանշաններն են սրտխառնոցը, փսխումները, փորլուծությունը կամ փորկապությունը, որովայնի շրջանում ցավերը, գլխապտույտը, ընդհանուր թուլությունը, բերանի չորությունը, տեսողության խանգարումը (աչքերի առջև մշուշ, ցանց), երկտեսությունը, բբերի լայնացումը, կոպի իջեցումը, խոսքի խանգարումը (խռպոտություն, ռնգախոսություն), շնչահեղձությունը, կլման ակտի խանգարումը, հավասարակողմ կաթվածը: Նշված ախտանշաններն ի հայտ են գալիս ախտահարված սնունդն ընդունելուց հետո 2-3 ժամից մինչև 10 օրվա ընթացքում: