24.11.2024
ԼՂՀ ՊՆ. Հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 200 կրակոց
prev Նախորդ նորություն

Մամուլի տեսություն. Ամերիկյան ընկերությունն առանց 1 դրամ ծախսելու, դարձել է Որոտան ՀԷԿ-ի սեփականատեր

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան տպագիր մամուլի տեսությունը, որում ներառված է կարևոր իրադարձությունների մասին ընդգրկուն տեղեկատվություն:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը վաղը կայանալիք նիստում պատրաստվում է իր համաձայնությունը տալ, որպեսզի «Քոնթուր Գլոբալ Հիդրո Կասկադ» ՓԲԸ-ն հնարավորություն ունենա իր գույքը գրավադրել «Արշինբանկ» եւ «Բիբլոս Բանկ Արմենիա» ՓԲԸ-ներում: Ինչպես հայտնի է՝ «Քոնթուր գլոբալ հիդրոկասկադ»-ը ԱՄՆ-ում գրանցված ընկերություն է, որը անցած տարի 180 մլն դոլարով գնեց Որոտանի ՀԷԿ-ը: Գումարի կեսը՝ 90 մլն դոլարը, պետք է վճարեին մինչեւ 2015 թվականի հուլիսի 30-ը: Այդ գումարը վճարվեց՝ «HSBC բանկ Հայաստան»-ում, «Ամերիաբանկ»-ում եւ «Կոնվերս բանկ»-ում Որատան ՀԷԿ-ի գույքը գրավադրելով: Հաջորդ 90 մլն դոլարը պետք է վճարվի մինչեւ այս հուլիսի 30-ը: Այսինքն՝ մնացած գումարը եւս վարկով կվճարվի: Ստացվում է, որ ինչ-որ մարդիկ, առանց 1 դրամ գումար ծախսելու, դարձել են Որոտան ՀԷԿ-ի սեփականատերը: Իսկ թե ով կամ ովքեր կարող էին Հայաստանում պետական լծակներն այդքան անխնա օգտագործել ի շահ իրենց եւ նման գործարք իրականացնել, դժվար չէ կռահել»:

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. ««Հիմնադիր խորհրդարանի» նախագահ Գարեգին Չուգասզյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ «Սասնա ծռերի» կողմից ՊՊԾ գունդը գրավելուց հետո Չուգասզյանն անհետացել է: Երեկ ՀՀ քննչական կոմիտեից մեր թղթակցի հարցին ի պատասխան ասացին, որ Չուգասզյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել 2015թ. ապրիլի 24-ին ընդառաջ զանգվածային անկարգությունների նախապատրաստման համար հարուցված քրգործի շրջանակներում։ Այդ օրերին Չուգասզյանը Սէֆիլյանի ու մի քանիսի հետ կալանավորվել էր, բայց մի քանի օր անց կալանքը փոխարինվեց չհեռանալու մասին ստորագրությամբ, և նրանք ազատ արձակվեցին։ Ըստ ՔԿ-ի, Չուգասզյանին ծանուցագրեր են ուղարկվել, սակայն նա չի ներկայացել վարույթն իրականացնող մարմին, ավելին, փոխել է բնակության վայրը առանց այդ մասին պատշաճ ծանուցելու նախաքննական մարմնին»:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանը համաձայնել է հանդիպել «Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ, կալանքի տակ գտնվող Ժիրայր Սէֆիլյանի հետ` ստեղծված իրավիճակից ելքեր գտնելու համար: Բայց դա չի նշանակում, որ Սերժ Սարգսյանը որոշել է ընդառաջ գնալ զինյալների պահանջին: Այդ հարցին դեռ անդրադառնալու առիթ կլինի: «Ժողովուրդ»-ը փորձեց նախագահի մամուլի քարտուղարից պարզել ստացված տեղեկության հավաստիությունը, սակայն Վլադիմիր Հակոբյանի հետ կապ հաստատել չհաջողվեց: Անպատասխան մնացին նաեւ մեր գրավոր հարցումները: Ինչպես հայտնի է՝ նախագահական նստավայրում լռություն պահպանելու որոշումը դեռ չի վերացվել»: