1.10.2024
ԱԱԾ-ն Գագիկ Ծառուկյանի առնչությամբ գործը կուղարկի դատարան. ՄԱՄՈՒԼ
20.04.2023
ԱԱԾ-ն Գագիկ Ծառուկյանի առնչությամբ գործը կուղարկի դատարան. ՄԱՄՈՒԼ

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները: «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Բարգավաճ Հայաստան» խմբակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գործով նախաքննությունն ավարտվել է: Ազգային անվտանգության ծառայությունն այն կուղարկի դատարան: Խոսքը 2017թ.-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ԲՀԿ-ի օգտին ընտրակաշառք բաժանելու գործին է վերաբերում, որով մեղադրանք է առաջադրվել 9 անձի, այդ թվում՝ Ծառուկյանին՝ ընտրակաշառք տալը կազմակերպելու համար։ Եւս 5 մարդու էլ մեղադրանք է առաջադրվել ընտրակաշառք տալու համար։ Այս գործով հարցաքննվել է 162 մարդ։ Հիշեցնենք, որ նախորդ գումարման խորհրդարանում Գագիկ Ծառուկյանին զրկել էին պատգամավորական անձեռնմխելիությունից, նրան մեղադրանք էր առաջադրվել, սակայն գրավի դիմաց ազատ էր արձակվել: Հետաքրքիր է, որ այս գործով մեղադրվող բոլոր անձանց առնչվող քրեական գործերը կարճվել են, եւ միայն Ծառուկյանի գործն է ուղարկվում դատարան: Ի դեպ, սա մեծ հաշվով փուչիկ գործ էր, քանի որ այդպես էլ հիմնավոր ապացույցներ ձեռք չէին բերվել, որ Ծառուկյանն ընդհանրապես կապ ուներ ընտրակաշառքի թեմայի հետ, պարզապես քաղաքական նպատակահարմարությունից ելնելով՝ նրա նկատմամբ հարուցվեց քրեական գործ, եւ հիմա ստիպված են գործն ուղարկել դատարան: «Ժողովուրդ» օրաթերթը գրում է.«Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ ԱԱԾ-ն նախաքննության ավարտ է հայտարարում արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին ծեծի ենթարկելու դեպքով կալանավորված անձանցից մեկի քրեական գործը: Ո՞ւմ մասին է խոսքը: Ինչպես հայտնի է, 2020թ. պատերազմի դադարեցման գործընթացով պայմանավորված՝ մի խումբ քաղաքացիների հետ Ա.Բ.-ն ներկա էր գտնվել մայրաքաղաք Երեւանում, որտեղ կառավարության, Ազգային ժողովի վարչական շենքերի դիմաց, դրանց ներսում եւ ՀՀ վարչապետին հատկացված կեցավայրի մոտ կատարվում էին զանգվածային անկարգություններ: Նշվում է նաեւ, որ նա միացել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի նկատմամբ բռնություն գործադրող զանգվածային անկարգությունների մասնակիցներին, ճեղքելով վերջիններիս շարքերը՝ մոտեցել է արդեն իսկ գետնին ընկած Արարատ Միրզոյանին եւ ոտքով հարվածել է վերջինիս՝ այդկերպ բռնություն գործադրելով նրա նկատմամբ: Խոսքը Արա Բադոյանի մասին է, ու նրա մասով գործը ուղարկվում է դատարան: Նշենք, որ Բադոյանը չի ընդունում մեղքը՝ հայտարարելով՝ երբ մոտեցել է Միրզոյանին, նա արդեն գետնին ընկած է եղել: «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանի որդու՝ Արա Օսկանյանի գործողությունների մասով ՀՀ քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցված խարդախության հատկանիշներով: Մասնավորապես, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Օսկանյանի որդին կալանքի տակ գտնվող գույքը վաճառել է, ինչի առթիվ իրավապահներին հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին, որտեղ էլ տրվել է Օսկանյանի որդու՝ Արա Օսկանյանի անունը: Իհարկե, առաջին դեպքը չէ, որ Վարդան Օսկանյանի որդին հայտնվում է իրավապահների տեսադաշտում: Հիշեցնենք՝ 2017 թ. փետրվարի 17-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Կոտայքի քննչական բաժնի քննիչի որոշմամբ, ձերբակալվել էին 33-ամյա Արա Օսկանյանն ու 25-ամյա Հրանտ Սերադարյանը։ Վերջիններս կասկածվում էին քաղաքացու առեւանգելու համար՝ պարտքը վերադարձնելու պահանջով, ավելի ուշ գործը կարճվեց: Այս պատմության մեջ ուշագրավն այն էր, որ ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի՝ կալանքի տակ գտնվող տունը նորահայտ գործարար Նարեկ Նալբանդյանը գնեց, ընդ որում՝ մաս-մաս վճարելու տարբերակով, սակայն իրավապահները ո՛չ վաճառողին, ո՛չ էլ գնորդին չեն պատժում: «Հրապարակ» օրաթերթը գրում է․ Նիկոլ Փաշինյանի վախերն աղետալի տեմպերով են աճում: Դեռ պատերազմից հետո խորհրդարան այցելելիս, ինչպես հայտնի է, արդեն աննախադեպ անվտանգության միջոցներ էին ձեռնարկվում` խորհրդարանի մերձակայքը, բակը, եւ ներսում անվտանգության աշխատողների պակաս չէր զգացվում, անգամ ԱԺ-ում հավատարմագրված լրագրողներին էին սկսել խիստ մանրակրկիտ զննության ենթարկել անցակետում։ Սակայն Փաշինյանի վերջին այցի ժամանակ թիկնազորը որոշել է վարչապետի անվտանգության անվան տակ սահմանափակել նաեւ լրատվամիջոցների բուն աշխատանքը։ Երեկ թույլ չեն տվել, որ օթյակից լրագրողները լուսանկարեն ու տեսանկարահանեն Փաշինյանին, ավելի ճիշտ՝ դա անեն կադրը զում անելով` մոտեցնելով: Բացի այդ, դահլիճի ներսում աշխատող օպերատորներին են զգուշացրել, որ շատ մոտիկից չնկարեն վարչապետին։ Երեկ նաեւ հայտնի դարձավ, որ Փաշինյանի այցով պայմանավորված՝ խորհրդարան թույլ չեն տվել այցելել 44-օրյա պատերազմում զոհված զինվորների մի խումբ ծնողների, որոնց հետ Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը քննարկում էր կազմակերպել: Եվ հանդիպումն արտահերթի պատճառով հետաձգվել է։ Չնայած այս օրերին խորհրդարանում դպրոցականներ են հյուրընկալվել: Զոհվածների ծնողներից, փաստորեն, մեծ վտանգ են տեսնում: «Փաստ» օրաթերթը գրում է. Մեր ունեցած տեղեկություններով, ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի դիրքերը իշխանության ներսում, մեղմ ասած, այնքան էլ ամուր չեն: Ավելին, մեր աղբյուրների փոխանցմամբ, Նիկոլ Փաշինյանին տված խոստումները կատարելու, քաղաքական մոտիվներով նախաձեռնված վարույթներն իրենց «տրամաբանական հանգրվանին» հասցնելու, իշխանական համակարգում «ուժեղ տղայի» տպավորությունը պահպանելու համար նա ավելի ու ավելի հաճախ է օգնության խնդրանքով դիմում իրավապահ համակարգի այլ օղակներին, որոնք, սակայն, արդեն «դավադիտ» են եղել այս ամենից: Զոհված զինծառայողների հարազատների՝ վերջերս անցկացված բողոքի ակցիան հերթական ուժեղ հարվածն էր Քյարամյանի թե՛ ներիշխանական դիրքերին, թե՛ հանրային ընկալմանը: Իշխանական մեր աղբյուրի փոխանցմամբ, ՔԿ նախագահի՝ ոստիկաններով շրջապատված փախուստի կադրերը իշխանության ներսում բուռն քննարկման առարկա են դարձել: Նույն աղբյուրը նաև տեղեկացնում է, որ սեփական դիրքերը ամրապնդելու և Փաշինյանին տված խոստումները կատարելու համար միակ «գործիքակազմը» իրավապահ համակարգի տարբեր օղակների օգնությունը չէ. Քյարամյանը որպես «գաղտնի զենք» է օգտագործում իր տարբեր ծանոթներին, բարեկամներին, հարազատներին՝ որպես բանագնացներ տարբեր գործերով հանդիպումներ ունենալու և իր գործը «հեշտացնելու» համար: Ի մասնավորի, ըստ տեղեկությունների, նա համապատասխան միջնորդներ է փնտրում, որ հանդիպեն նաև զոհվածների հարազատներին՝ մեղմելու նրանց արդարացի զայրույթը: Ի դեպ, մեր ունեցած տեղեկություններով, Քյարամյանից հոգնել ու «ձեռք են քաշել» անգամ նրանք, որոնց շնորհիվ նա ի սկզբանե հայտնվել է Նիկոլ Փաշինյանի տեսադաշտում: «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՔՊ-ում այս օրերին օդը «սառած է». Փաշինյանն արդեն 2 օր է՝ խորհրդարանում է: Իշխող խմբակցության պատգամավորները գերլարված են՝ հանկարծ որեւէ բացթողում թույլ չտան վերադասի ներկայությամբ: Նկատենք, որ սովորաբար ԱԺ հերթական նիստերի օրերին ՔՊ-ականների մեծ մասն ուշացումով, կարելի է ասել, ճեմելով են գալիս նիստերին, շատ դեպքերում գալիս, գրանցվում ու դուրս են գալիս դահլիճից եւ վերադառնում են միայն քվեարկությունների ժամանակ, այնինչ երեքշաբթի, չորեքշաբթի, երբ ԱԺ նիստը պետք է սկսվեր Փաշինյանի ելույթով, նիստի սկսվելուց րոպեներ առաջ արդեն ՔՊ-ականները տեղավորվել էին, կազմ-պատրաստ սպասում էին, որպեսզի դիմավորեն Փաշինյանին, իսկ նրա ելույթի ժամանակ որեւէ մեկը չէր համարձակվում անգամ դուրս գալ նիստերի դահլիճից:  Դպրոցականների նման լուռ լսում էին իրենց «ուսուցչին», ջանք չէին խնայում, որպեսզի ցույց տան, թե խիստ հետաքրքրված են նրա ելույթով: Ի դեպ, այսօր եւս բարդ օր է իշխող ֆրակցիայի պատգամավորների համար. Նիկոլ Փաշինյանը կրկին խորհրդարանում կլինի կառավարության 2021-2026 թթ. ծրագրի 2022թ.-ի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցի մասով ամփոփոիչ ելույթ ունենալու համար, այդ պատճառով էլ կառավարության նիստը մեկ օրով հետաձգվել է: «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ երեկ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի ավագ դուստրն ամուսնացել է: Տեղեկացանք, որ զույգի հարսանեկան միջոցառումը նեղ միջավայրում է անցել Արցախում: Ներկա են եղել միայն մտերիմ հարազատները, ընկերները, իսկ իշխանական վերնախավից էլ միայն Հարությունյանի ամենամտերիմները: Միջոցառումն անցել է առանց շքեղությունների: Արցախում ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ փորձել են մեծ աղմուկ չբարձրացնել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ փեսացուն Արայիկ Հարությունյանի դստեր համակուրսեցին է եղել՝ Ասկերանի շրջանի Նորագյուղ համայնքից: «Փաստ» օրաթերթը գրում է. Ապրիլի 16-ին՝ ՀՀ Ազգային հերոս, պետական գործիչ Կարեն Դեմիրճյանի ծննդյան օրը, Կոմիտասի անվան պանթեոնում հիշատակի տուրք մատուցվեց անվանի գործչի հիշատակին: Ներկաները նշում էին, որ Կարեն Դեմիրճյանն այն եզակի գործիչներից է, որն իր հանդեպ եղած համատարած սերն ու հարգանքը վաստակել է իր պետականամետ մտածելակերպով ու նվիրված աշխատանքով՝ հանուն մեր հայրենիքի։ Ներկա էին Դեմիրճյանի հարազատները, քաղաքական որոշ ուժերի ներկայացուցիչներ։ Ուշագրավ է, որ պանթեոն չէր այցելել գործող իշխանության ոչ մի անդամ: Ավելին, քաղաքական ուժերից, ՀԺԿ անդամներից բացի, ներկա էին միայն «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիրներ Մանե Թանդիլյանը, Մեսրոպ Առաքելյանը ու ՀԱԿ-ի մի քանի ներկայացուցիչներ: Ի դեպ, հավելենք, որ, ըստ քաղաքապետարանի պաշտոնյաների, Կարեն Դեմիրճյանի արձանը պատրաստ կլինի ամռանը և կտեղադրվի մարզահամերգային համալիրի մոտ, չնայած նախատեսված էր տեղադրել Մաշտոցի պուրակում: «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Այս օրերին Ազգային ժողովում քննարկվում է ՀՀ կառավարութան 2022 թվականի գործունեության հաշվետվությունը: Այդ նույն զեկույցում անդրադարձ կա Պարեկային ծառայությանը, սակայն առկա են ցուցանիշներ, որոնք այնքան էլ իրականությանը չեն համապատասխանում: Օրինակ՝ նշվում է, թե Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Կոտայքի, Արագածոտնի մարզերում պարեկային ոստիկանությունը սկսել է ծառայությունը: Ընթանում են Արմավիրի, Արարատի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերում պարեկային ոստիկանության ներդրման նախապատրաստական աշխատանքները: Սակայն FIP-ը փաստում է, որ իրականում, նշված 6 մարզերից Պարեկային ծառայությունը 2022 թվականին գործել է միայն Շիրակի ու Լոռու մարզերում, իսկ Տավուշի, Գեղարքունիքի, Կոտայքի եւ Արագածոտնի մարզերում Պարեկային ծառայությունը սկսել է գործել 2023 թվականի հունվարից: Մյուս կողմից՝ ներկայացված են հենց 2023 թվականի տվյալները: Օրինակ՝ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների վերաբերյալ հատվածի մեծ մասը վերաբերում է 2023 թվականին տեղի ունեցած գործընթացներին։ 2022 թվականի՝ կառավարության գործունեության վերաբերյալ 83-էջանոց հաշվետվության մեջ ավելի քան 90 անգամ նշվել է 2023 թվականը։ Ստացվում է, որ կառավարության գործունեության ծրագրում թյուրիմացություններ կան, եւ կան ուռճացված տվյալներ, որոնք չեն վերաբերում 2022 թվականի գործունեությանը: