Հունվարի 19-ին Դանիայի խորհրդարանի լիագումար նիստում Հայոց ցեղասպանության ընդունման վերաբերյալ բանաձև կքննարկվի: Բանաձևը խորհրդարանի օրակարգ է բերվել Enhedslisten և Alternativet կուսակցությունների կողմից, հեղինակներն են Նիկոլայ Վիլլումսենը և Ռասմուս Նորդքվիստը, հայտնում է Berlingske պարբերականը: Դանիայի թուրքական կազմակերպությունները լայնամասշտաբ արշավ են անցկացնում նախաձեռնությունը տապալելու նպատակով: Դանիացի գործիչները, սակայն, նշում են` ժամանակն է, որ Դանիան դուրս գա Թուրքիայի ազդեցության տակից: Գյուլլինգ քաղաքի թանգարանի ղեկավար Մոնս Հոյմարկը (թանգարանում են պահվում դանիացի միսիոներ Կարեն Եպպեի շնորհիվ հավաքված ցեղասպանության իսկության ապացույթները) մասնավորապես, նշել է. «Պատմաբաններն արդեն տվել են իրենց գնահատականը` տեղի ունեցածն անվանելով Ցեղասպանություն... այժմ հերթը քաղաքական գործիչներին է»: