Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը չի պատրաստվում հանդիպել նախագահ Սերժ Սարգսյանի և քննարկել իրավիչակը Լեռային Ղարաբաղի հակամարտության գոտում, քանի որ ստեղծված իրավիճակում առաջնահեթ է համարում բանակը ժամանակակից սպառազինությամբ ապահովելու հարցի լուծումը: Tert.am-ի հարցին, թե արդյոք երկրորդ նախագահը նույնպես պլանավորում է այնպիսի հանդիպումը, որը ապրիլի 9-ին տեղի ունեցավ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի և ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի միջև, Ռոբերտ Քոչարյանը պատասխանել է. «Այդպիսի հանդիպում նախաձեռնել չեմ պլանավորում։ Տեղի ունեցած իրադարձությունների լույսի ներքո և հաշվի առնելով ծանր գնով ձեռք բերված փորձը՝ հիմա շատ ավելի կարևոր է անհապաղ լուծել բանակը ժամանակակից սպառազինությամբ ապահովելու հարցը, արագորեն ադապտացնել անձնակազմի մարտական և մարտավարական պատրաստվածությունը նոր պայմաններին»,-նշեց նա: Ըստ Ռոբերտ Քոչարյանի՝ դժվար թե գործող նախագահի և նախկին նախագահների հանդիպումները կարող են ինչ-որ կերպ ազդել այդ առաջնահերթ գործնական խնդիրների լուծման վրա: «Ուրախալի է, որ հայ հասարակությունը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ լուրջ արտաքին վտանգի պարագայում ունակ է համախմբվել ագրեսիային հակադարձելու համար։ Նաև ակնհայտ է, որ հայրենասիրական ներուժը կրկնապատկվում է, երբ նրան որպես հենարան են ծառայում ժամանակակից մարտունակ բանակը և արդյունավետ գործող պետական ինստիտուտները»,-նշեց ՀՀ երկրորդ նախագահը: