Մարտիրոսյան. Չեմ հրաժարվում քաղաքական իմ սկզբունքներից ու իմ պայքարից
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը իր նկատմամբ տեղի ունեցածը քաղաքական հետապնդում է որակում՝ նշելով, որ իրեն ազատությունից զրկելու որևէ հիմք չկար և այդ որոշումն ամբողջովին ապօրինի էր:
«Քրեական գործ հարուցելն ապօրինի, շինծու, քաղաքական հաշվեհարդար տեսնելու քայլ էր, ոչ ավելին»,- նշեց նա:
Մարտիրոսյանի խոսքով՝ պայքարը եղել է բացառապես քաղաքական, քանի որ իշխանափոխության լավագույն միջոցը եղել ու մնում է հասարակության ակտիվ մասնակցությունը, քաղաքացիական անհնազանդությունը: Գործիչը նշեց, որ իշխանությունը պետք է հասկանա, որ ինչպես ժողովուրդը իրեն բերել է իշխանության, այդպես էլ կարող է հեռացնել այդտեղից: Եվ հայտարարեց, որ չի պատրաստվում հրաժարվել քաղաքական իր պայքարից:
«Ես չեմ հրաժարվում քաղաքական իմ սկզբունքներից, քաղաքական իմ պայքարից և շարունակում եմ պնդել, որ Հայաստանին պետք են քաղաքական փոփոխություններ, ինքնիշխանության վերականգնում»,- հավելեց Մարտիրոսյանը:
Հիշեցնենք, Արմեն Մարտիրոսյանը գրավի դիմաց ազատ արձակվեց երկու օր առաջ: Նա, ինչպես նաև կուսակցության անդամներ Դավիթ Սանասարյանը, Հովսեփ Խուրշուդյանը հուլիսի 29-ին ձերբակալվել էին զանգվածային անկարգություններ կազմակերպելու կասկածանքով: Օգոստոսի 2-ին նրանք երկու ամսով կալանավորվել էին: