ԱԳՆ. Սարգսյան-Ալիև հանդիպման վերաբերյալ կոնկրետ որևէ բան չկա
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև հնարավոր հանդիպման վերաբերյալ դեռևս կոնկրետ որևէ բան չկա: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:
Նրա խոսքով՝ այս պահին հստակ է, որ սեպտեմբերին Նյու Յորքում կայանալու է երկու երկրների արտգործնախարարների հանդիպում, որի օրակարգում են այն հարցերը, որոնք բազմիցս հայկական կողմը հնչեցրել է՝ ստեղծել համապատասխան պայմաններ, որպեսզի բանակցային գործընթացն առաջընթաց արձանագրի:
«Հեծանիվ հնարել դժվար է. այն, ինչ որ կա, եղել է, դրա շուրջ մենք բանակցություններ ենք վարելու: Բանակցություններին այլընտրանք չկա»,- շեշտել է Նալբանդյանը:
Հիշեցնենք, «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-Էվոլուցիա» հաղորդման եթերում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ իր և Իլհամ Ալիևի հանդիպումը կարող է տեղի ունենալ այս տարվա աշնանը: Նրա խոսքով՝ իր և Ադրբեջանի նախագահի հանդիպման մասին նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել մի քանի շաբաթ առաջ՝ Մինսկի խմբի համանախագահների այցի ընթացքում։
Ռուսական «Իզվեստիա» պարբերականն էլ, վկայակոչելով ՌԴ արտաքին գործերի նախարարության իր աղբյուրին գրել էր, որ Ռուսաստանը կդառնա Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպման գլխավոր կազմակերպիչը, որը պետք է տեղի ունենա մինչեւ տարեվերջ։