Ապրիլյան ագրեսիայի պատճառով հիմնահարցի կարգավորման գործընթացում ստեղծված փակուղին ցույց տվեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ եւ բանակցային հանգուցալուծումն այլընտրանք չունի: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ԱԳՆ–ն։ Հայտարարությունում, մասնավորապես, ասված է. «Երեք տարի առաջ այս օրը՝ 2016թ. ապրիլի 2-ին, Ադրբեջանի զինված ուժերը լայնամասշտաբ ռազմական գործողություններ սանձազերծեցին Արցախի դեմ: Ադրբեջանը կոպտորեն խախտեց հրադադարը, ինչպես նաեւ ուժի չկիրառման պարտավորությունը, որն այն ստանձնել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի շրջանակներում: Ուժի կիրառումն ուղեկցվեց թե՛ զինվորականների, թե՛ քաղաքացիական բնակչության նկատմամբ Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացված սարսափելի վայրագություններով: Դրանք նույնությամբ կրկնում էին 1990-ականների սկզբին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ իրագործված կոտորածները եւ էթնիկ զտումները: Այս անգամ խաղաղ բնակչության նկատմամբ սանձազերծված առավել լայնածավալ բռնությունների անմիջական սպառնալիքը կանխվեց Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի կողմից: Հայ զինվորականներն ու կամավորականերն իրենց կյանքը նվիրաբերեցին Արցախի ժողովրդի` իր հայրենիքում ազատ ապրելու եւ արարելու պայքարի զոհասեղանին: Ապրիլյան պատերազմը կրկին ապացուցեց, որ ուժի կիրառումը չի կարող ճնշել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Արցախի կարգավիճակը եւ անվտանգությունը ցանկացած արդյունավետ բանակցությունների բովանդակության անփոխարինելի տարրերն են` ուղղված Արցախի ժողովրդի խաղաղ կենսագործունեության ապահովմանը: Ուժի չկիրառումը կամ կիրառման սպառնալիքի բացառումը, հրադադարի խստիվ պահպանումը, ռիսկերի նվազեցման եւ վստահության ամրապնդման միջոցառումների ներդնումն էական նշանություն ունեն խաղաղության համար նպաստավոր միջավայրի ձեւավորման գործում: Ապրիլյան ագրեսիայի պատճառով հիմնահարցի կարգավորման գործընթացում ստեղծված փակուղին ցույց տվեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ եւ բանակցային հանգուցալուծումն այլընտրանք չունի»: