ԱՄՆ Կոնգրեսում 23 նահանգի 75 ներկայացուցիչներ նամակ են ուղարկել Ներկայացուցիչների պալատի Հատկացումների հանձնաժողովի արտաքին գործառնությունների ենթահանձնաժողովին՝ 100 մլն դոլար Հայաստանին, 1.5 մլն դոլար՝ Արցախին տրամադրելու համար: Ինչպես տեղեկացնում է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը, Արցախի համար 1.5 մլն դոլարի աջակցությունը պետք է նախատեսվի ականազերծման և ականի պայթյունից տուժածների վերականգնողական աշխատանքներին: Իսկ Հայաստանի համար 100 միլիոն դոլարը պետք է ուղղվի տնտեսական, կառավարման, օրենքի գերակայության և անվտանգությանն աջակցելուն: Կոնգրեսականները կոչ են անում կասեցնել ԱՄՆ-ի ռազմական օգնությունն Ադրբեջանին, քանի դեռ չեն դադարեցվել Հայաստանի և Արցախի դեմ հարձակումները: Հայ դատի հանձնախումբը շնորհակալություն է հայտնել նամակի տակ ստորագրած բոլոր կոնգրեսականներին ՝ աջակցելու Հայաստանին ու Արցախին, որոնք իրենց ներդրումն ունեն խաղաղության ու ժողովրդավարության մեջ: