Վաղը` սեպտեմբերի 12-ին, ժամը 11:00-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում տեղի կունենա Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական առաջին նիստը: Facebook սոցիալական ցանցում արդեն երկու միջոցառում է տեղադրվել, որոնցում կոչ է արվում քաղաքացիներին լինել դատարանի շենքի մոտ եւ ակտիվորեն մասնակցել ընդդեմ Քոչարյանի ակցիային: Նշվում է, որ Դտարաը քննելու է Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու դիմումը: «Հավաքվում ենք Արշակունյաց 24/1 հասցեում գտնվող Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանի մոտ ու արտահայտում հայ ժողովրդի միասնական կամքը ․ ՀԱՆՑԱԳՈՐԾԻ ՏԵՂԸ ԲԱՆՏՆ Է։ Արդարությունը պիտի հաղթանակի։ Հազարավոր մարդկանց ճակատագրեր խեղած ոճրագործը ՊԻՏԻ մնա ճաղերի հետևում։ Կարևոր է յուրաքանչյուրի ներկայությունը 1+1+1+1+1+1․․․․․ Եկեք միասին տեր կանգնենք ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆԸ», - ասված է կոչում։ Կոչ է տարածել նաեւ «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ն, որը հորդորում է լրագրողներին, իրավապաշտպաններին, փաստաբաններին և բոլոր քաղաքացիներին սեպտեմբերի 12-ին ժամը 13։00-ին ներկա գտնվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում (Արշակունյաց պողոտա 24/1. Պանթեոնի մոտ) և մասնակցել մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական առաջին նիստին։ Կազմակերպությունը կարևորում է գործի արդար և անկողմնակալ դատաքննությունը և անաչառ լուսաբանումը, ուստի անհրաժեշտ է քաղաքացիական հասարակության ակտիվ մասնակցությունը։ Այս ընթացքում ակտիվություն էին ցուցաբերում նաեւ Քոչարյանի կողմնակիցները, նստացույցեր էին անցկացնում դատարանի շենքի մոտ: