ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Սյունիքի տարածքային բաժինը և Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության աշխատակիցները Ողջի գետի աղտոտման ահազանգի հետքերով համատեղ զննում և ուսումնասիրություններ են իրականացրել, կատարել նաև ջրի նմուշառում: «Նոյեմբերի 18-ին համացանցում տարածված Ողջի գետի աղտոտման վերաբերյալ ահազանգի հետքերով ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Սյունիքի ՏԲ և Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության աշխատակիցները համատեղ զննում և ուսումնասիրություններ են իրականացրել տեսանյութում նշված վայրում։ Կատարվել է նաև ջրի նմուշառում՝ լաբորատոր հետազոտությունների արդյունքների մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- ասված է ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Facebook-ի պաշտոնական էջում: Նշենք, նախօրեին Կապանի բնակիչները դարձյալ ահազանգում էին Ողջի գետի աղտոտվածության մասին, որն ամենայն հավանականությամբ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի խողովակաշարի վթարի հետևանք է։