Մեր զորակցությունն ենք հայտնում Վենետիկ քաղաքին և նրա բնակչությանը: Այսպիսի գրառում է հայտնվել Իտալիայում ՀՀ դեսպանության Facebook-յան էջում: «Քաղաք-թանգարան Վենետիկը համաշխարհային ժառանգության թանկարժեք գանձ է, որում իր ուրույն տեղն ունեն նաև հայկական հոգևոր, գիտակրթական և մշակութային ժառանգության մարգարիտները: Ուշադրությամբ հետևում ենք ստացվող լուրերին և հուսով ենք, որ ներդրվող ջանքերի շնորհիվ Վենետիկին պատուհասած բնական աղետի հետևանքները հնարավորինս կմեղմվեն։ Քեզ հետ ենք, Վենետիկ»,- ասված է գրառման մեջ: Նշենք, որ այս շաբաթ ջրի բարձրությունը Վենետիկում հասել է 1 մետր 87 սանտիմետրի, և սա ամենաբարձ նիշն է 1966 թվականի աղետալի հեղեղումից հետո: Հեղեղման ընթացքում ջրի տակ է անցել Վենետիկի Սան Մարկոյի հրապարակը՝ քաղաքի գլխավոր տեսարժան վայրերից մեկը, բազմաթիվ կառույցներ, շինություններ: Իտալիայի կառավարությունը նոյեմբերի 14-ին արտակարգ դրության ռեժիմ է սահմանել Վենետիկում: