Կառավարությունն այսօրվա իր նիստում հավանություն տվեց «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի փոփոխություններին: Դրանք ենթադրում են, որ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման դեպքերի շարքում ներառվեն նաև հակառակորդի նախահարձակ գործողության հետեւանքով տեղի ունեցած դեպքերը: Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի խոսքով, զինված ուժերի գործունեության ընթացքում առկա են դեպքեր, երբ հակառակորդի կողմից զինծառայողների կյանքին կամ առողջությանը վնասը պատճառվել է այնպիսի պայմաններում, երբ տեղի չեն ունեցել անմիջական մարտական գործողություններ կամ զինծառայողները չեն գտնվել մարտական հերթապահության մեջ կամ չեն կատարել հատուկ առաջադրանք: «Նման դեպքեր տեղի են ունեցել հակառակորդի հեռահար հրետանակոծության կամ առաջնագծից երկրի խորք ընկած տարածքում դիվերսիոն-հետախուզական խմբի գործողության արդյունքում: 2008 թվականից սկսած հակառակորդի նախահարձակ գործողության հետեւանքով թվով 10 զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառվել է վնաս: Նման դեպքերում զինծառայողի կարգավիճակը սահմանվել է որպես ծառայողական պարտականությունների կատարման շրջանակներում տեղի ունեցած դեպք, ինչը, սակայն, չի բնորոշում համապատասխան դեպքի իրական հանգամանքը եւ սոցիալական պաշտպանվածության առումով չի ապահովում որոշակիորեն համարժեք վիճակ: Այս փոփոխություններով լուծվում է անարդարդությունը»,-ասաց Դավիթ Տոնոյանը: Նա նաև տեղեկացրեց, որ հոգաբարձուների խորհուրդը համապատասխան որոշում կկայացնի և կարգավորումը կտարածվի մինչև 1998 թվականը ընկած դեպքերի վրա: