Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլա Ալի Խամենեին իր նստավայրում հրավիրել է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի արտակարգ նիստ: Այս մասին հաղորդում է «Նյու Յորք Թայմս» թերթը՝ վկայակոչելով իրանցի երկու պաշտոնյաների: Իսրայելի ռազմաօդային ուժերը սեպտեմբերի 27-ին նպատակաուղղված օդային հարված են հասցրել լիբանանյան շիական «Հեզբոլլահ» շարժման գլխավոր շտաբին Բեյրութում: Այն գտնվում էր Դահիա թաղամասի կենտրոնական մասում բնակելի շենքերի տակ: Հարվածից հետո իսրայելական զինվորականները ստուգում էին՝ արդյոք շարժման գլխավոր քարտուղար Հասան Նասրալլան գտնվում էր շտաբում: Լիբանանի առողջապահության նախարարության արտակարգ իրավիճակների կենտրոնի տվյալներով՝ հարվածի հետևանքով տուժել է ավելի քան 70 մարդ: Եվս երկուսին փրկել չի հաջողվել: ԱՄՆ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Սաբրինա Սինգը հայտարարել է, որ ԱՄՆ-ն չունի Իսրայելի կողմից Բեյրութին հասցված նոր հարվածի մանրամասները: Նա ընդգծել է, որ ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օստինը հեռախոսազրույց է ունեցել իսրայելցի գործընկերոջ հետ այն պահին, երբ գործողությունը «արդեն թափով ընթանում էր»: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Նեթանյահուն վերադառնում է ԱՄՆ-ից՝ Լիբանանում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին: