Այսօր առավոտյան պայթյունի հետեւանքով փլուզում է տեղի ունեցել Երեւանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռայնիսի 1 հասցեում գտնվող 4 հարկանի շենքում։ Այդ մասին ֆեյսբուքյան գրառում է արել վարչապետ Նիկոլ Փաշինյանը: "Նախնական վարակածով պայթյունի պատճառ է դարձել բնական գազի արտահոսքը։ Մասնակի փլուզվել է նույն շքամուտքում գտնվող 12 բնակարան։ 19 բնակիչ ինքնուրույն կամ փրկարարների օգնությամբ դուրս է եկել շենքի փլուզված հատվածից։ Նախնական տվյալներով փլատակների տակ մնացել էր 3 քաղաքացի։ Երկուսին փրկարարները դուրս են բերել։ Մեկին՝ դուրս բերեցին րոպեներ առաջ։ Երկուսն էլ գիտակցության մեջ են։ Առավոտյան այցելել եմ դեպքի վայր եւ տեղում ծանոթացել իրավիճակին։ Փրկարարական աշխատանքները շարունակվում են", - գրել է Փաշինյանը։ VERELQ-ն ավելի վաղ հայտնել էր, որ Զեյթունում օգոստոսի 26-ին առավոտյան տեղի ունեցած պայթունից տուժածներից մեկի վիճակը միջին ծանրության է, մյուս տուժողի վիճակը՝ ծայրահեղ ծանր։ Տուժողներից մեկը կին է, նախնական տվյալներով ունի անրակոսկրի եւ քթոսկրի կոտրվածքներ, մարմնի եւ դեմքի քերծվածքներ: Այժմ գտնվում է հետազոտման փուլում եւ բժիշկներն առողջական վիճակը գնահատում են միջին ծանրության: Մյուս տուժածը` տղամարդ, ունի մարմնի եւ վերջույթների տարածուն այրվածքներ, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, միացված է արհեստական շնչառության սարքին: Բժիշկների գնահատմամբ` վերջինիս առողջական վիճակը ծայրահեղ ծանր է: