Բելառուսի ուժային կառույցները հայտարարել են, որ կարողացել են Մինսկում իրվիճակը վերցնել վերահսկողության տակ, որտեղ նախօրեին երեկոյան չարտոնված բողոքի ակցիաներ էին մեկնարկել: «Միլիցիան վերահսկում է իրավիճակը»,- գրում է BELTA-ն՝ հղում անելով երկրի ՆԳՆ-ին: Նախօրեին էքզիթփոլերի արդյունքների հրապարակումից հետո, ըստ որոնց Ալեքսանդր Լուկաշենկոն վստահ հաղթել է նախագահական ընտրություններում, Մինսկի տարբեր հատվածներում բողոքի ակցիաներ սկսվեցին, որոնց մասնակցել են մի քանի հազար մարդ: Հենց սկզբից իրավապահները փորձել են խոչընդոտել բողոքավորների տեղաշարժը քաղաքում: Իրավիճակը հանդարտեցնելու համար Մինսկի կենտրոն հատուկ տեխնիկա է մտցվել, ցուցարարների դեմ լուսային նռնակներ, ջրցաններ ու գազ է կիրառվել: Ականատեսների պնդմամբ՝ ինչ-որ պահի ոստիկանները ցուցարարների նկատմամբ նաև ռետինե փամփուշտներ են կիրառել: Բախումների հետևանքով կան տուժածներ, նրանց թիվը ճշտվում է: Կան տասնյակ բերման ենթարկվածներ, կոնկրետ թիվը չի նշվում դեռ: Ներկա պահին Մինսկում իրավիճակը վերահսկվում է իրավապահների կողմից, մի շարք փողոցներ փակ են: Էքզիթփոլերի համաձայն՝ Ալեքսանդր Լուկաշենկոյի օգտին քվեարկել է ընտրողների ավելի քան 70%-ը: Նրա հիմնական մրցակից Սվետլանա Տիխանովսկայայի օգտին՝ 6,8% -10,1% : Նախնական արդյունքները երկրի ԿԸՀ-ն կհրապարակի առաջիկա ժամերի ընթացքում: