Ղազախստանի ազգային անվտանգության կոմիտեի նախկին ղեկավար Կարիմ Մասիմովը ձերբակալվել է պետական դավաճանության կասկածանքով։ Համապատասխան տեղեկատվությունը հունվարի 8-ին տարածել է այդ ուժային գերատեսչության մամուլի ծառայությունը, հաղորդում է EADaily-ն: Հաղորդվում է, որ ԱԱԿ-ն արդեն հունվարի 6-ից սկսել է մինչդատական հետաքննություն՝ Ղազախստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 1-ին մասով պետական դավաճանության փաստի առթիվ: Այս հետաքննության շրջանակներում կոմիտեի նախկին նախագահը եւ գործով անցնող մի շարք անձիք ձերբակալվել եւ ուղարկվել են մեկուսարան: «Նույն օրը տվյալ հանցագործությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել եւ ժամանակավոր պահման մեկուսարան են տեղափոխվել ԱԱԿ նախկին նախագահ Մասիմով Կ.Կ. - ն եւ այլ անձինք: Այլ տեղեկություններ քննության շահերից ելնելով հրապարակման ենթակա չեն», - ասված է հաղորդագրության մեջ: Կարիմ Մասիմովի մասին հայտնի է, որ նա երկու անգամ ղեկավարել է Ղազախստանի կառավարությունը՝ 2007-2012 և 2014-2016 թվականներին: Նա նաև տարբեր տարիներին զբաղեցրել է մի շարք նախարարական պաշտոններ և գլխավորել Հանրապետության նախագահի աշխատակազմը։ Ազգային անվտանգության կոմիտեի նախագահի պաշտոնում Մասիմովը նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի հրամանագրով նշանակվել է 2016 թվականի սեպտեմբերի 8-ին: 2022 թվականի հունվարի 5-ին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը պաշտոնանկ արեց Մասիմովին, իսկ ԱԱԿ նախագահ նշանակեց պետական պահպանության ծառայության նախկին ղեկավար Երմեկ Սագիմբաևին։ Ղազախստանում կողոպտիչներից եւ ահաբեկիչներից բնակավայրերը մաքրելու հատուկ գործողության շրջանակներում ավելի քան 4,2 հազար մարդ է ձերբակալվել, այդ թվում՝ օտարերկրյա պետությունների քաղաքացիներ: VERELQ-ը հիշեցնում է, որ Ղազախստանում զանգվածային բողոքի ակցիաները սկսվել են 2022 թվականի առաջին օրերին։ Հունվարի 5-ի առավոտյան Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը պաշտոնաթող Է արել կառավարությանը եւ գլխավորել հանրապետության անվտանգության խորհուրդը, որի առաջին նիստում Ղազախստանի իրադրությունը որակել է «պետության ամբողջականության խախտում» եւ հայտնել, որ դիմել է ՀԱՊԿ-ին «ահաբեկչական սպառնալիքի հաղթահարման համար»: ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը որոշում է կայացրել Հավաքական խաղաղապահ ուժեր ուղարկել Ղազախստան՝ Տոկաեւի ուղերձի կապակցությամբ: Ուժերը կուղղվեն սահմանափակ ժամանակահատվածին՝ երկրում իրադրության կայունացման եւ նորմալացման նպատակով: