23.11.2024
Հայաստանը աշխարհի համար փոքրացել է մինչև երկրի ղեկավարի հեռախոս
prev Նախորդ նորություն

Մամուլ. Վստահություն՝ 0. Փաշինյանը յուրայիններին «շմոն» անել է տալիս

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակ» թերթը գրում է. «Փաշինյանի հետ ՔՊ խմբակցության հանդիպումների ժամանակ յուրայիններին սկսել են «շմոն» անել։ Այնպես, ինչպես բերդերում են անում, երբ թմրամիջոց ու բջջային են փնտրում։ Եվ դա ՔՊ-ի ներսում տարակուսանքի, եթե չասենք՝ վրդովմունքի, տեղիք է տալիս։ Ոչ թե վարչապետի հետ հանդիպումից առաջ առաջարկում են հանձնել բոլոր նկարող, ձայնագրող սարքերը, այլ վարչապետի թիկնապահները ներս են մտնում, սկսում ստուգել, թե ում ձեռքին հեռախոս, պլանշետ կամ apple watch կա, որով կարող են ձայնագրել կամ տեսագրել հանդիպումը, եւ ձեռքներից հավաքում են։ Ակնհայտ է, որ Փաշինյանն այլեւս ոչ մեկին չի վստահում»:


«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ 2 ընդդիմադիր խմբակցությունների միջեւ խոր անջրպետ է առաջացել։ Պատճառը «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի՝ հանձնաժողովի նախագահի պաշտոնից չհրաժարվելն է: «Հայաստան» դաշինքում ավելի քան համոզված են, որ նա ստացել է ՀՀԿ-ի ու Սերժ Սարգսյանի «դաբրոն»։ Հակառակ դեպքում կա՛մ կհայտարարեր մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահությունից հրաժարվելու մասին, կա՛մ նրան կզրկեին խմբակցությանը անդամակցությունից եւ ավտոմատ՝ նաեւ պաշտոնից: ՀՀԿ մեր աղբյուրները վստահեցնում են, որ կուսակցությունում չեն քննարկել այդ հարցը, սակայն ՀՀԿ-ականների հարցազրույցներից եւ պատասխաններից կարելի է եզրակացնել, որ հարցը փակված է։ Փաստորեն, այն, ինչ մեկ տարի փորձում էր անել Նիկոլ Փաշինյանը՝ պառակտել խորհրդարանական ընդդիմությանը, իր քայլով արեց Թագուհի Թովմասյանը»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ Բրյուսովի անվան պետական համալսարանի շրջանավարտներին ավարտական դիպլոմներ էին հանձնում։ Բայց այս տարի նոր ավանդույթ հիմնած Նիկոլ Փաշինյանն այս արարողությանը ներկա չէր։ Հիշեցնենք, որ նա ներկա էր նախորդ երկու նման արարողություններին․ մեկը՝ Երեւանի պետական համալսարանի ավարտական միջոցառմանը, մյուսը՝ Պոլիտեխնիկական համալսարանի: Ավելին՝ պոլիտեխնիկում իսկական դիմակահանդես-շոու էին կազմակերպել, որին հրավիրված անձինք՝ Տիգրան Ավինյանը, Վահրամ Դումանյանը, բուհի ռեկտորը եւ այլք, գունագեղ պատմուճաններով էին զարդարվել, ինչը համացանցում աժիոտաժ առաջացրեց, ծաղրուծանակի տեղիք տվեց։ Հավանաբար դա է պատճառը, որ Փաշինյանը Բրյուսովի անվան համալսարանի միջոցառմանը չէր գնացել, իսկ հյուրերն էլ այս անգամ արտառոց զգեստներ չէին հագել։ Նորմալ պաշտոնյաների տեսք ունեին»:


«Փաստ» օրաթերթը գրում է. «Գաղտնիք չէ, որ գործող իշխանությունները միշտ էլ երկիրը «կառավարել» են սոցցանցերի միջոցով, ուստի բնական է, որ սոցցանցերն ու մեդիահարթակը նրանց համար ունեն առանձնահատուկ նշանակություն։ Այս դաշտը քպականների համար ամեն ինչից վեր է: Հենց դրանով է պայմանավորված, որ նրանք փորձում են իրենց համար այս կենսական, կարևորագույն, աննկարագրելի կարևոր «դաշտում» հնարավոր բոլոր մեթոդներով, ինչպես իշխանական սատելիտներն են սիրում ասել, հեգեմոն դիրք ունենալ, փակուղի մտցնել ու «հաղթել» ընդդիմադիրներին և ընդդիմախոսներին։ «Փաստ» թերթի տեղեկություններով, այս հարցում իշխանությունները բավական լուրջ են տրամադրված և սոցցանցերում ակտիվ հատվածի յուրաքանչյուր գրառում անմիջապես ֆիքսում են։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, մեդիահարթակների հարցերով զբաղվող բլոկի առաջ հստակ խնդիր է դրված սոցցանցերում որոշակի բալանսավորում ապահովել։ Վիրտուալ տիրույթում կոշտ քննադատող և ակտիվ տիրաժավորվող օգտատերերի էջերը վերջին շրջանում անհասկանալի հիմնավորումներով միանգամից բլոկվում են, ի դեպ՝ բավական երկար ժամանակով։ Թերթի տեղեկություններով, միայն վերջին մեկ շաբաթվա ընթացքում փորձել են «մուտք գործել» ընդդիմադիր մի շարք գործիչների համակարգիչներ։ Ավելին, փորձել են «կոտրել» նաև ընդդիմադիր դաշտում մշտապես քննադատություն իրականացնող գործիչների, այդ թվում՝ նաև պատգամավորների տելեգրամյան ու ֆեյսբուքյան պրոֆիլները: Ի դեպ, դա փորձել են անել բավական բարձր պրոֆեսիոնալությամբ, ինչը վկայում է այն մասին, որ «թեմայի մեջ» բարձրակարգ մասնագետներ են ներառված»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանն ու թիմը վերջին շրջանում իշխանությունների դեմ դեմարշներ են անում․ որոշ նախաձեռնություններում միանում են ընդդիմությանը՝ փորձելով զիջումներ կորզել Արայիկ Հարությունյանից: Արցախի մեր աղբյուրներն ասում են, որ Բաբայանին հաջողվել է հասնել որոշ բանի: Պետության հետ պայմանավորվածություն է ձեռք բերել բնակարանաշինության պետական ծրագրին մասնակցելու հարցում: Արտոնյալ պայմաններով փորձում է վարկ ստանալ եւ բնակարաններ կառուցել՝ հետագայում կրկին պետությանը վաճառելու, անտուն արցախցիներին բնակարանով ապահովելու համար: Անգամ տարածքներն են նշում․ մեկը՝ զագսի շենքին հարակից տարածքում, Ստեփանակերտի «տատի-պապիի» արձանի մոտակայքում, մյուսը նրա վաղեմի ընկեր՝ «ցեխավիկ» Էդոյի կիսակառույց շենքն է՝ Ստեփանակերտի կենտրոնական մասում»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Օրերս տեղի է ունեցել «Հայաստանի համայնքների միության ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդում եւ Հայաստանում թափանցիկ եւ մասնակցային տեղական ինքնակառավարման խթանում» թեմայով համաժողով: Քննարկմանը մասնակցել են արդարադատության փոխնախարար Երանուհի Թումանյանցը, կառավարության այլ անդամներ, խոշորացված համայնքների, վարչական շրջանների ղեկավարներ, համայնքների աշխատակազմերի քարտուղարներ: Ներկա է եղել նաեւ փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյանի աշխատակազմի ղեկավարը: Մեր զրուցակիցը, ով համաժողովի հրավիրյալներից էր, տեղեկացրեց, որ ելույթներից եկել են այն եզրահանգման, որ համաժողովը միտված էր սեռական ոչ ավանդական կողմնորոշում ունեցողների հանդեպ հանդուրժողականություն քարոզելուն, քանի որ «ԵՄ-ն բավականին խոշոր գումարներ է փոխանցում Հայաստանին՝ այդ մարդկանց իրավունքները պաշտպանելու համար»։ Ըստ մեր աղբյուրի՝ քանի որ գյուղերում հատուկ վերաբերմունք կա տրանսգենդերների եւ հոմոսեքսուալների նկատմամբ, այդ պատճառով ՏԻՄ-երի համար էին այդ հավաքը կազմակերպել։ Ի դեպ, համաժողովի մասին պաշտոնական լրահոսում որեւէ տեղեկատվություն չի եղել, եւ որեւէ լրատվամիջոց չի լուսաբանել այն»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղեկցող ավտոշարասյան կողմից վթարի ենթարկված ու մահացած Սոնա Մնացականյանի հարազատները դիմել են միջազգային կառույցներին` Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Մ. Թրեյսիին, Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագին եւ ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանին:  Զոհված կնոջ հարազատները մտահոգություն են հայտնել Սոնայի մահվան քրեական գործով իրավապահների գործողություններից: Պարզվում է՝ գործով մեղադրյալը մինչ օրս կալանավորված չէ: Հիշեցնենք, որ ապրիլի 26-ին մահացու վրաերթի ենթարկված հղի կնոջ՝ Սոնա Մնացականյանի ընտանիքի անդամներն ու փաստաբան Րաֆֆի Ասլանյանը պնդում են, որ մի շարք ապացույցներ «ոստիկանության համապատասխան ստորաբաժանման կողմից քննիչին չեն տրամադրվել»։ «Այդ հանգամանքը մեր կողմից ընկալվում է որպես ոչնչացում։ Այդ ապացույցները էական նշանակություն ունեն հատկապես այլ անձանց արարքների քրեաիրավական ճիշտ գնահատման համար, նաեւ էական նշանակություն ունեն վարորդի արարքի գնահատման համար՝ դեպքի վայրից փախուստի մասով»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց փաստաբանը: Ապացույցներ ոչնչացնելու՝ տուժող կողմի պաշտպանի հայտարարությունները մեղադրյալի փաստաբան Ռուբեն Բալոյանն անհիմն է որակում։ «Եթե այսկերպ շարունակվի, մենք հաղորդում կտանք սուտ մատնություն կատարելու համար»,- մեզ հետ զրույցում ասաց նա՝ վստահեցնելով, որ որեւէ ապացույց այս գործով չի ոչնչացվել»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ԵՄ-ն ուշադիր հետեւում է առանցքային դատական ինստիտուտների գործունեությանը, ինչպիսին է Բարձրագույն դատական խորհուրդը, եւ պատրաստ է իր միջազգային գործընկերների հետ միասին աջակցել Հայաստանի իշխանություններին բարեփոխումներից բխող մարտահրավերներին դիմակայելիս: Այս մասին ասվում է՝ Հայաստանում ԵՄ դեսպանի գրասենյակից «Ժողովուրդ» օրաթերթի ուղարկած հարցին ի պատասխան: Օրաթերթը դիմել էր ՀՀ-ում ԵՄ դեսպան, պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինիին եւ խնդրել իր տեսակետը ԲԴԽ նախկին նախագահներ Ռուբեն Վարդազարյանի եւ Գագիկ Ջհանգիրյանի աղմկահարույց ձայնագրության մասին: Մասնավորապես, հետաքրքրվել էինք, թե որքանով է այն համապատասխանում անկախ դատական համակարգ ունենալու մասին հայտարարություններին: ԵՄ հայաստանյան պատվիրակությունից ստացված պատասխան նամակում մասնավորապես ասվում է. «ԵՄ-Հայաստան Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում ԵՄ-ն շարունակում է աջակցել Հայաստանում արդարադատության բարեփոխումներին, ինչին իշխանությունները շարունակական հանձնառություն են ցուցաբերել: ԵՄ-ի հիմնական արժեքներից մեկի՝ օրենքի գերակայության նկատմամբ հարգանքը ներառում է անկախ, հաշվետու եւ արդյունավետ դատական համակարգ»:


«Փաստ» օրաթերթը գրում է. «Առաջիկայում ՀՀ որոշ համայնքներում կայանալիք ՏԻՄ ընտրությունների շուրջ ինտրիգը շարունակում է մեծանալ։ Օրերս հայտնի դարձավ, որ գործող իշխանությունները գրեթե բոլոր համայնքներում մասնակցելու են իրենց «առաջին համարներով»: Միևնույն ժամանակ, պարբերաբար տեղեկություններ են շրջանառվում, որ մի շարք համայնքների գործող համայնքապետները պատրաստվում են դարձյալ առաջադրվել։ Սակայն, «Փաստ» թերթի տեղեկություններով, իշխանությունները փորձում են այնպես անել, որ գործող, ինչպես նաև նախկին համայնքապետներից ոչ ոք չառաջադրվի, իսկ նրանք, ովքեր, այնուամենայնիվ, փորձում են համառել և պնդել այդ հարցում, այս կամ այն կերպ ճնշումների են ենթարկվում։ Մենք տեղեկություններ ունենք, որ գործընթացում խառնված են հնարավոր ու անհնար բոլոր կառույցները և «համառներին» հասկացնում են, որ անիմաստ գլխացավանքի մեջ չմտնեն։ Այդ մարդկանց շատ հանրամատչելի բացատրում են և բերում կոնկրետ օրինակներ, թե ինչ է եղել «նոր Հայաստանում» այն համայնքապետների հետ, որոնք մի կողմ չեն քաշվել, առավել ևս՝ եթե հաղթել են ընտրություններում: Մեր տեղեկություններով, իշխանության ներկայացուցիչները, այդ թվում՝ իրավապահ մարմինների որոշ ներկայացուցիչներ, ինտենսիվ հանդիպումներ են ունենում նաև գործող ավագանիների անդամների հետ՝ նրանց առաջ հստակ խնդիր դնելով կա՛մ չառաջադրվել, կա՛մ մտնել «Քաղաքացիական պայմանագրի» ցուցակ»:


«Փաստ» օրաթերթը գրում է. «Կառավարության որոշմամբ, ինչպես հայտնի է, հուլիսի 1-ից թոշակառուները և նպաստառուները վճարումներն անկանխիկ ձևով կատարելու դեպքում հաջորդ ամիս այդ գործարքների հանրագումարից կարող են 10 % հետվճար ստանալ: Այս մասին մեծ հանդիսավորությամբ հայտարարվեց կառավարության նիստի ժամանակ, թեպետ այդ ժամանակ դեռ հայտնի չէր, թե քանի բանկ է իրականում մասնակցելու ծրագրին: Այժմ ընդամենը 3 բանկ է ներգրավված ծրագրում: Որոշումն արդեն շուրջ 7 օր է՝ ուժի մեջ է ու արդեն քաղաքացիների մոտ անորոշություններ և մտահոգություններ կան: Վերջին մի քանի օրերին «Փաստ» օրաթերթը թոշակառուներից, նպաստառուներից զանգեր է ստանում: Նրանց հատկապես մտահոգում է այն հանգամանքը, որ ծրագրից օգտվելու ցանկություն կա, բայց ստիպված են այդ դեպքում այլ բանկի շահառու դառնալ, ինչը, որոշ մարդկանց համար, իրենց խոսքերով, ոչ այդքան ցանկալի, նաև հավելյալ անհարմարություն առաջացնող գործընթաց է: Ի դեպ, մեզ հետ զրույցում նրանք նշում էին, որ որևէ կառույցից հստակ պատասխան չեն ստանում ու չգիտեն՝ ի՞նչ անել այս դեպքում:


Հարցի առնչությամբ փորձեցինք հասկանալ, թե բանկերի՝ ծրագրին միանալու գործընթացը շարունակակա՞ն է, այլ բանկեր նախատեսո՞ւմ են արդյոք միանալ ծրագրին, և այս տեսանկյունից ի՞նչ սպասեն թոշակառուներն ու նպաստառուները: ԿԲ-ի հասարակայնության հետ կապերի ծառայությունից մեզ հայտնեցին, որ այս պահի դրությամբ 3 բանկ է միացել ծրագրին: ԿԲ-ից հայտնել են նաև, որ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը նշել է, թե այդ անվանացանկը պարբերաբար կթարմացնի՝ գործընկեր բանկերի ցանկում տեղի ունեցող փոփոխությունների համաձայն։ Իսկ թե ի՞նչ անեն այս դեպքում թոշակառուներն ու նպաստառուները, նշեցին, որ հարցի հասցեատերը ՀՀ ԿԲ-ն չէ՝ առաջարկելով դիմել նախարարություն:


Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի խոսնակ Զառա Մանուչարյանը մեզ հետ զրույցում ևս ընդգգծեց, որ այս պահի դրությամբ 3 բանկ է միացել ծրագրին. «Ինչպես նախապես ծանուցել ենք քաղաքացիներին, պետությունը՝ ի դեմս նախարարության, պատրաստակամ է համագործակցել մյուս բոլոր բանկերի հետ ևս, եթե իրենց կողմից ևս լինի պատրաստակամություն: Այն, որ հուլիսի 1-ից մեկնարկել է ծրագիրը ու այս պահին համագործակցող բանկերը 3-ն են, դա դեռ չի նշանակում, որ այդ ցանկը համալրման շարունակականություն չի ենթադրում: Ցանկացած պահի, եթե այլ բանկ հետաքրքրություն կունենա մասնակցել պետություն- մասնավոր հատված համագործակցության, նախարարությունը պատրաստակամ է իրենց ևս ընդգրկել այս համագործակցության շրջանակում: Ինչ վերաբերում է բոլոր այն քաղաքացիներին, ովքեր այլ բանկի քարտապան են, նախապես ծանուցել ենք և հիմա էլ շարունակում ենք ծանուցել, որ յուրաքանչյուր պահի, եթե ցանկություն կունենան փոխել իրենց կենսաթոշակները կամ նպաստը տրամադրող կազմակերպությունը, կարող են մոտենալ միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն ու մի քանի օրվա ընթացքում դառնալ այլ բանկի քարտապան»: Դիտարկմանը՝ իսկ եթե ցանկություն չկա բանկը փոխելու, մնում է սպասե՞լ մինչև մյուս բանկերը կա՛մ կմիանան, կա՛մ չեն միանա ծրագրին, Զ. Մանուչարյանն արձագանքեց. «Այդպես է ստացվում, որովհետև այլընտրանքային տարբերակը դա է: Ամեն դեպքում, քաղաքացիներն իրենք են որոշում. եթե ուզում են օգտվել ծրագրից, ապա կարող են մոտենալ ու ցանկացած պահի փոխել իրենց սպասարկող բանկը»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Դեռ մայիսի 17-ին ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանի, Վահագն Հովակիմյանի, Թագուհի Ղազարյանի, Սարգիս Խանդանյանի կողմից շրջանառության մեջ էր դրվել «Զանգվածային լրատվության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը: Այդ նախագծով մասնավորապես ասվում էր, որ պետական հաստատություններում լրագրողների հավատարմագրումը կարող է դադարեցվել, եթե նրանք խախտեն կառույցի սահմանած կանոնները, սակայն կանոնները չկային սահմանված: Այս կանոնակարգումը բուռն դժգոհությունների տեղիք տվեց, քանի որ կարող էր դառնալ իշխանությունների համար մահակ, եւ իրենց համար ոչ սիրելի լրագրողներին զրկեին ԱԺ-ի հավատարմագրումից: Այս առիթով ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը մեծ քննարկում էր կազմակերպել եւ պահանջներ հնչեցրել լրագրողների անունից: Նաեւ միջազգային հարթակներում էր բարձրաձայնել խնդիրը՝ անընդունելի եւ ոչ իրավաչափ համարելով այդ խստացումը: Պարզվում է՝ իշխանությունները նահանջել են ու փոխել իրենց իսկ բերած խստացումները: Այժմ փոփոխված հոդվածը հետեւյալ տեսքն ունի. «Լրագրողի հավատարմագրումը կարող է դադարեցվել նրան հավատարմագրման ներկայացրած լրատվական գործունեություն իրականացնողի դիմումով կամ նրան հավատարմագրած պետական մարմնի կողմից: Ընդ որում, լրագրողին հավատարմագրած պետական մարմինը սեփական նախաձեռնությամբ հավատարմագրումը կարող է դադարեցնել միայն, եթե հավատարմագրման դադարեցման՝ նախատեսված կանոնների խախտման համար գրավոր նախազգուշացվելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, լրագրողը կրկին խախտում է սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված կանոնները»: Հավելենք, որ այս օրենքն արդեն ընդունվել է միայն իշխանական պատգամավորներով աշխատող ԱԺ-ում»:


«Փաստ» օրաթերթը գրում է. Հայաստանի և Թուրքիայի հատուկ բանագնացների հանդիպումները շարունակվում են, սակայն ինչքան էլ ՀՀ իշխանությունները փորձում են այնպիսի պատկեր ստեղծել, թե հարաբերությունների կարգավորումը պետք է տեղի ունենա առանց նախապայմանների, Անկարայից պարբերաբար հնչող հայտարարությունները այլ իրողության մասին են վկայում։ Խնդիրն այն է, որ Թուրքիան բացահայտ կերպով հայտարարում է, թե հարաբերությունների կարգավորման գործընթացը համակարգում է Ադրբեջանի հետ։ Այլ կերպ ասած՝ մինչև Հայաստանը չբավարարի Ադրբեջանի՝ օրեցօր աճող պահանջները, Թուրքիան ընդառաջ չի գնա Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում։ Դրանով է պայմանավորված, որ թուրքական կառավարող շրջանակները անընդհատ անդրադառնում են հայ-թուրքական հարաբերությունների օրակարգից դուրս գտնվող հարցերի։ Օրինակ՝ Անկարայից հայտարարություններ են հնչում, թե, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը» պետք է րոպե առաջ բացվի։ Միևնույն ժամանակ, ոչ մի երաշխիք չկա, որ թուրքական կողմից այլ նախապայմաններ ևս առաջ չեն քաշվի։ Եվ պարզ է, որ Անկարան իրականում ոչ այնքան շահագրգռված է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմամբ, որքան հայկական կողմին իր պայմանները թելադրելու և Հարավային Կովկասն իրենից կախվածության մեջ գցելու հարցում։ Ու հատուկ բանագնացների շփումների ֆոնին շատ հետաքրքրական է, որ Թուրքիայի ուշադրությունից չեն վրիպում նաև Հայաստանի ներքաղաքական հարցերը։ Օրինակ՝ Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն օրերս հայտարարել է, թե Հայաստանում «ծայրահեղական խմբերը» չեն ցանկանում Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորում և հարձակվում են վարչապետի տան վրա՝ լուրջ ճնշում գործադրելով։