ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը հայտարարել է Հարավային Կովկասում հակամարտությունը ավարտելու և գերիներին ազատելու անհրաժեշտության մասին՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Հիքմեթ Հաջիևի հետ հանդիպումից հետո: «Հարավային Կովկասում հակամարտությունը պետք է ավարտվի։ Այս շաբաթ ես զրուցել եմ Ադրբեջանի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Հիքմեթ Հաջիևի հետ», - գրել է Ուոլցը X սոցիալական ցանցում: Ամերիկացի պաշտոնյայի խոսքերով, ԱՄՆ-ն ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերություններում էական առաջընթացը, որոնք համաձայնել են խաղաղության պայմանագիր կնքել: «Ես նրան ասացի, որ մենք պետք է ավարտենք այս խաղաղության պայմանագիրը հիմա, ազատ արձակենք բանտարկյալներին և միասին աշխատենք տարածաշրջանն ավելի ապահով և բարգավաճ դարձնելու համար», - ընդգծել է Ուոլցը: Թրամփի խորհրդականը նաև նշել է. «Ամերիկայի ոսկե դարը խաղաղություն և բարգավաճում կբերի ողջ աշխարհին, և մենք չենք դադարի աշխատել, քանի դեռ դա տեղի չի ունեցել»: