27.06.2026
Շրջափակման հետևանքով Արցախի պետբյուջեի հարկային եկամուտներն ու տուրքերը նվազել են
06.02.2023
Շրջափակման հետևանքով Արցախի պետբյուջեի հարկային եկամուտներն ու տուրքերը նվազել են

Շրջափակման 57-րդ օրը Արցախի կառավարության տեղեկագիրը նոր տվյալներ է հրապարակել. Ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեից, նախնական տվյալներով 2023 թվականի հունվար ամսվա ընթացքում ԱՀ պետական բյուջե է մուտքագրվել 1902.3 մլն դրամ հարկային եկամուտներ և տուրքեր, որը պլանավորված 2800.0 մլն դրամ ցուցանիշի համեմատ թերակատարվել է 32.1 տոկոսով, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ 28.5 տոկոսով: Պլանային առաջադրանքի և նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ թերակատարումները պայմանավորված են 2022 թ. դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության շրջափակման հետևանքով տնտեսությունում ստեղծված իրավիճակով, մասնավորապես, մի շարք հարկ վճարողների գործունեության դադարեցմամբ, որի հետևանքով իրացման շրջանառություն և դրան համարժեք հարկային պարտավորություններ վերջիններիս մոտ չեն առաջացել և ըստ այդմ բյուջե չեն մուտքագրվել: Ըստ Արցախի կառավարության թարմացված վիճակագրության՝ 6 երեխա գտնվում է մանկական հիվանդանոցի նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում: 9 չափահաս բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 4-ը ծայրահեղ ծանր վիճակում է։ Արդեն 204 երեխա ծնվել է շրջափակման մեջ: Արցախի բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով մոտ 580 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից։ Մինչ այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 70 հիվանդ՝ համապատասխան բուժում ստանալու համար։ Ստեղծված տնտեսական բարդ իրավիճակի պատճառով նախնականորեն առնվազն 5100 մարդ կորցրել է աշխատանքը և եկամտի աղբյուրը։ Ավելի քան 22400 տոննա կենսական նշանակության ապրանքներ կմատակարարվեին Արցախ, եթե չլիներ շրջափակումը, որի ընթացքում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ՌԴ խաղաղապահ զորակազմի կողմից մատակարարվել է դրա միայն չնչին մասը: