14.07.2025
Լեգենդար ջութակահար Ջոշուա Բելը հանդես կգա Երևանում
05.05.2022
Լեգենդար ջութակահար Ջոշուա Բելը հանդես կգա Երևանում

Առաջին անգամ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ հանդես կգա GRAMMY մրցանակակիր, լեգենդար ջութակահար Ջոշուա Բելը: Համերգը կղեկավարի նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը:Ծրագրում, Բելի կատարմամբ, կհնչի Բեթհովենի Ջութակի կոնցերտը, երկրորդ բաժնում՝ Բեթհովենի թիվ 3 սիմֆոնիան:Համերգը կկայանա մայիսի 8-ին, ժամը 19:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում։ Մոտ չորս տասնամյակ ձգվող կարիերայի ընթացքում GRAMMY մրցանակակիր ջութակահար Ջոշուա Բելը դարձել է մեր դարաշրջանի ամենահայտնի արտիստներից։ Նա իր բարձր կատարողական արվեստի և բազմաժանր երաժշտական հետաքրքրությունների շնորհիվ եզակի երևույթ է այսօրվա դասական երաժշտության աշխարհում: 2011թ.-ին Ջոշուա Բելը դարձավ Academy of St Martin in the Fields նվագախմբի տնօրենը: Լինելով SONY CLASSIC ընկերության բացառիկ արտիստ՝ Բելը ձայնագրել է ավելի քան 40 ձայնասկավառակ` արժանանալով հեղինակավոր GRAMMY, Mercury®, Gramophone և OPUS KLASSIK մրցանակների։ 2013թ.-ին Academy of St Martin in the Fields նվագախումբը, Բելի ղեկավարությամբ, առաջին անգամ թողարկել է Բեթհովենի թիվ 4 և 7 սիմֆոնիաները, որը Billboard-ի ցանկում գրավել է առաջին հորիզոնականը: Բելը համագործակցել է համաշխարհային ճանաչում ունեցող բազմաթիվ արվեստագետների՝ Ռենե Ֆլեմինգի, Սթինգի, Ջոշ Գրոբանի, Չիկ Կորեայի, Բրանդֆորդ Մարսալիսի, Էդգար Մեյերի և այլոց հետ: Նա հանդես է գալիս աշխարհի ամենահեղինակավոր նվագախմբերի և դիրիժորների հետ: Բելը նվագում է 1713թ.-ին ստեղծված Ստրադիվարիուսի ջութակով և 18-րդ դարի ֆրանսիացի վարպետ Ֆրանսուա Տուրտիի պատրաստած աղեղով: