24.11.2024
Երևանում բացահայտված զինված խմբի գործով կան նոր ձերբակալվածներ
14.01.2016
Երևանում բացահայտված զինված խմբի գործով կան նոր ձերբակալվածներ

Երևանում բացահայտված և չեզոքացվացծ զինված հանցավոր խմբի հետ համագործակցելու կասկածանքով կան նոր ձերբակալվածներ՝ «Հայրենիք և պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը և «Եղվարդի մարզակոշիկների ֆաբրիկա» ԲԲ ընկերության հիմնական բաժնետեր Վլադիմիր Փայլակի Առաքելյանը: Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունից հայտնում են, որ ԱԱԾ քննչական վարչության վարույթում քննվող թիվ 58216515 քրեական գործով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 129-րդ հոդվածով սահմանված կարգով, 2016թ-ի հունվարի 14-ին ձերբակալվել են «Հայրենիք և պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Գևորգի Մարգարյանը և «Եղվարդի մարզակոշիկների ֆաբրիկա» ԲԲ ընկերության հիմնական բաժնետեր Վլադիմիր Փայլակի Առաքելյանը: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից, վերջիններս կասկածվում են Արթուր Վարդանյանի կողմից ստեղծված հանցավոր համագործակցությանը մասնակցելու, կազմակերպված խմբի կազմում զենք և ռազմամթերք իրացնելու, պահելու մեջ, նախատեսված` ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 2-րդ մասով և 235-րդ հոդվածի 3-րդ մասով: Վերոհիշյալ անձանց բնակարաններում և «Եղվարդի մարզակոշիկների ֆաբրիկա» ԲԲ ընկերությունում իրականացվել են խուզարկություններ, ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցառումները գործի լրիվությունը, բազմակողմանիությունը և օբյեկտիվությունն ապահովելու համար: Նախաքննությունը շարունակվում է: Հիշեցնենք, որ անցած տարվա դեկտեմբերին նույն խմբի հետ համագործակցության կասկածանքով ձերբակալվել էր և մինչ օրս այդ կարգավիճակում է մնում ՀՀ պաշտապանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը: Ըստ ԱԱԾ տվյալների, Վահան Գրիգորի Շիրխանյանը "կասկածվում է Արթուր Վարդանյանի կողմից ստեղծված հանցավոր համագործակցությանը մասնակցելու, դրա օգտին գործելու, կոնկրետ հանձնառություն և դերակատարություն ունենալու մեջ":